«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն տոնում է իր գործունեության վեցերորդ տարեդարձը

2019թ․ հոկտեմբերի 28-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) նշեց իր հիմնադրման վեցերորդ տարեդարձը։

Հիմնադրման վեցերորդ տարեդարձի տոնակատարությունը սկսվեց Կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանի ելույթով․«Երախտագիտության ու սիրո ջերմ զգացումներով շնորհավորում եմ Ձեզ և շնորհակալություն հայտնում բոլորին, հատկապես Կազմակերպության կառուցվածքը հանդիսացող Գործադիր մարմնին, Տիկնանց խորհրդին, Սոցիալ-հոգեբանական աջակցության համակարգող մարմնին, Ձեռարվեստի հանձնախմբին, «Արևիկ-Հայաստան» խնամակալությանը, Գույքագրման, Բաշխման, Գրանցման և Ընկերային հանձնախմբերին, Ալեպպո Քուիզինի հանձնախմբին, ինչպես նաև «ՀԱԼԵՊ» կազմակերպության աշխատակազմին, հատկապես Գործադիր տնօրեն Սարգիս Պալխեանին, որի վերջին 2 տարիների կատարած աշխատանքը ու ստեղծած գործընկերային կապերը մեծապես նպաստեցին Կազմակերպության կայացմանը, առաջընթացին և ծրագրերի իրականացմանը»։

Հիմնադիր նախագահ Անի Բալխյանը խոսքը փոխանցեց Կազմակերպության հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանին։ Վերջինս ջերմորեն շնորհավորեց բոլորին այս հիշարժան օրվա առթիվ, ապա ներկայացրեց 2018թ․ դեկտեմբերից 2019թ․ հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Կազմակերպության ամփոփ գործունեությունը, արձանագրված հաջողություններն ու ընթացիկ ծրագրերը։ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը Կազմակերպությանը մաղթեց երկարամյա արգասաբեր գործունեություն, նորանոր ձեռքբերումներ  և Հայաստանում սիրիահայերի բարօրությանն ուղղված բազում այլ ծրագրեր, որոնք կնպաստեն Կազմակերպության որդեգրած հիմնական նպատակների իրականացմանը։

Կազմակերպության վեցերորդ տարեդարձի առթիվ իր ողջույնի և շնորհավորական խոսքը հղեց նաև «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենապետուհի Լուսին Շոհմելյանը։ Վերջինս շնորհակալություն հայտնեց Կազմակերպության հիմնադիր կազմին, հանձնախմբերին, աշխատակազմին՝ կարևորելով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերի իրականացումը Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար և հույս հայտնեց, որ դեռ երկար տարիներ շարունակվելու է Կազմակերպության գործունեությունը և արձանագրվելու են  նոր հաջողություններ։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի վեցերորդ տարեդարձի տոնական տրամադրությունն ապահովվեց «Նուռ Բենդ» խմբի գեղեցիկ կատարումներով և «Ալեպպո Քուիզին» կենտրոնի կողմից պատրաստված հյուրասիրությամբ։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում այս տարիներին կազմակերպության կողքին կանգնած անհատ բարերարներին և կառույցներին, որոնց աջակցության շնորհիվ կազմակերպությունը շարունակում է իրականացնել մարդասիրական ծրագրեր՝ ուղղված սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի բարօրությանը։