«ՀԱԼԵՊ» ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ. Մարքեթինգի ինթերն Լիլիթ Հարությունյանը կիսվում է իր փորձով. «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր

Սիրով ձեզ ենք ներկայացում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի՝ վճարովի ինթերնշիփի մասնակից, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողուհի Լիլիթ Հարությունյանին:

Ողջույն սիրելի´ ընթերցող,

Ես Լիլիթն եմ։ Փայլուն ապագայի տեսլական ունեցող եռանդուն ուսանողուհի, անկասկած, ինչպես ձեզանից շատերը։ Հաջողության ճանապարհը երկար է, երբեմն հոգնեցուցիչ, վայրիվերումներով, ոգեշնչող, երբեմն էլ՝ անհանգստացնող։

Այսօր ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ պատմությամբ, որտեղ ես ոչ միայն սկսեցի իմ կարիերան, այլև դարձա հիանալի ընտանիքի մի մասը։

Ինձ բնորոշող գծերից է` դիմել հնարավոր բոլոր բաց հայտարարություններին՝ բաց չթողնելու ցանկացած հնարավորություն. շարունակաբար փորձել, աշխատել, կատարելագործվել։ Հենց այսպես որոշեցի դիմեցի «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրին։ Ամիսներ անց «ՈՒԱՅՔԱՍՏՐ» ընկերությունում դարձա մարքեթինգի փորձնակ։ Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ այն ունի սովորելը խթանող միջավայր և աջակից մարդիկ։ Դեռևս հարցազրույցի ընթացքում, իսկապես, սիրահարվեցի ընկերությանն ու ապագա գործընկերներիս։ Նրանք շատ հյուրընկալ էին, իսկ ես կիսում էի նրանց բոլոր պատկերացումներն աշխատանքի վերաբերյալ։

Անսահման էր իմ հիացմունքն ու երջանկությունը…

Հաջող հարցազրույցից օրեր անց զանգ ստացա մեկ այլ կազմակերպությունից և ինձ առաջարկվեց լավ վճարվող աշխատանք։ Վճռեցի փորձել մասնակցել նաև այդ հարցազրույցին՝ տեսնելու համար, որն է լավագույն տարբերակը ինձ համար։ Թեև խոստացվող բարձր աշխատավարձին՝ այն ատելի ու տհաճ էր ինձ համար։

Ահա եկավ խնդրահարույց պահը։ Իմ մեծագույն թերությունը որոշումներ կայացնելն է, հետևաբար, օրեր շարունակ տանջվեցի որոշելու համար. ո՞րն ընտրել՝ լավ վարձատրվող աշխատանք, թե հիանալի պրակտիկա։ Ես ապրում էի հակադիր զգացումներ՝ վայելել աշխատանքային գործընթացը, թե աշխատել վարձատրության համար։

Ահա մոտենում ենք պատմության բարոյախոսությանը։ Ես երբևէ նման հիանալի որոշում չէի կայացրել իմ կյանքի ընթացում. անխոս, ես ընտրեցի պրակտիկան ՈՒԱՅՔԱՍՏՐ ընկերությունում, որտեղ վայելում եմ աշխատանքիս յուրաքանչյուր ակնթարթը։ Այս ամիսների ընթացքում ձեռք բերեցի նոր գիտելիքներ և կատարելագործեցի մասնագիտական հմտություններս՝ դառնալով ավելի լավ մասնագետ։

Սիրելի՛ ուսանող, ապագա՛ մասնագետ, վստահ եմ՝ մեծ է ճնշումը, երբ տեսնում ես քո՝ արդեն իսկ հաջողակ հասակակիցներին։ Դու նույնպես հնարավորինս շուտ ձգտում ես հասնել բարձունքների։ Բայց հիշի՛ր, հաջողությունը սկսվում է, երբ հավատարիմ ես մնում ինքդ քեզ։

Հետևի՛ր սրտիդ։ Փոքր, բայց վճռական քայլերը քեզ կսովորեցնեն թռչել։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ՝ կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին: