«ՀԱԼԵՊ» ՀԿ և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամ. Վճարովի ինթերնշիփային ծրագրի մասնակից՝ Էլյա Մինասյան

Սիրով ձեզ ենք ներկայացում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի՝ վճարովի ինթերնշիփի մասնակից, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Էլյա Մինասյանին: Էլյան իր պրակտիկան անցկացնում է պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում:

Ես Էլյա Մինասյանն եմ, ծնունդով Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղից։ Սովորում եմ Երեւանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։ Բժշկի մասնագիտությունն ընտրել եմ՝ ելնելով դպրոցական տարիներին բշկագիտության եւ բնագիտական, մասնավորապես՝ քիմիա առարկայի նկատմամբ եղած առանձնահատուկ հետաքրքրվածությունից, որոնց վրա շատ կարեւոր ազդեցություն են թողել տարիներ առաջ նույն թաղամասում բնակվող  հիանալի գիտնականի՝  Ալեք Պողոսյանի գրադարանը։ Ինքնազարգացման ճանապարհի հաջորդ ուղին որոշում կայացնելն էր մասնագիտության ընտրության հարցում, ապա  երկու տարիների լարված պարապմունքների շնորհիվ  2015 թվականին ընդունվեցի ԵՊԲՀ։

Ուսումառությանս տարիները շատ հարթ չեն եղել, ունեցել եմ եւ վայրեջքներ, եւ բազում վերելքներ։ Ուսանողական տարիներին անդամակցել եմ ԵՊԲՀ Ուսանողական Գիտական Ընկերությանը, որտեղ ներգրավված եմ եղել գիտակրթական տարբեր միջոցառումների կազմակերպմանը եւ հետազոտական աշխատանքերում:

Ավելի բարձր կուրսերում` առաջնահերթություննների շարքում էին աշխատանքին վերաբերող փնտրտուքները։ Այս կոնտեքստում եւ այս տարվա ընթացքում շատ կարեւոր դեր ունեցավ Հալեպ ՀԿ եւ ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի  կողմից  իրականացվող «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը։ Ծրագիրը եղավ այն խթանը, որի շնորհիվ արդեն երկու ամիս պրակտիկ գործունեություն եմ ծավալում ապագա մասնագիտությանս՝ օնկոհեմատոլոգիայի ոլորտում։  Պրակտիկան իրականացնում եմ Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնում՝ Մանկական ուռուցքաբանության բաժանմունքում. ծանոթանալով հիվանդություններին, պրակտիկ գործունեությանը վերաբերող  առանձնահատկություններին, ինչպես նաեւ  շփվելով բաժանմուքի բժիշկների ու ապագա բժիկների հետ, իրենց տված գիտելիքների ու ջերմ վերաբերմունքի շնորհիվ ամեն անգամ ավելի շատ է ցանկությունս այս ոլորտում հմտանալու համար։

Շնորհակալ եմ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ին և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին՝ այս ծրագրի կազմում ինձ ընդգրկելու, ապա նաեւ Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնին՝  ընձեռած հնարավորության համար։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի կողմից «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ՝ կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին: