«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը մասնակցեց «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողովին

Ս/թ. փետրվարի 24-ին տեղի ունեցավ «Մարդասիրական աջակցությունից մինչև երկարաժամկետ լուծումներ» խորագրով աշխատաժողովը` ուղղված Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց ինտեգրումը Հայաստանում դյուրացնելուն:

Աշխատաժողովի կազմակերպող կողմերն էին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող պետական գերատեսչությունների, հասարակական, միջազգային և համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մասնակից կառույցների շարքում էր նաև «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը` հանձինս կազմակերպության փոխնախագահ տիկին Ծովիկ Պայթարյանի և ծրագրերի համակարգող Նաիրա Մարգարյանի:

Աշխատաժողովին մասնակցում էին նաև խնդրով հետաքրքրված դոնոր կազմակերպություններ և ներդրողներ:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» կազմակերպության փոխնախագահ տիկին Ծովիկ Պայթարյանը` ներկայացնելով կազմակերպության կողմից մշակված սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարությունը:  Հանդես գալով կազմակերպության գործադիր մարմնի անունից` տիկին Պայթարյանը խնդրով հետաքրքրված կառույցներին առաջարկեց համատեղ կազմակերպել համահայկական դրամահավաք և հավաքագրված ողջ գումարն ուղղել մատչելի արժողությամբ բնակարանների ձեռքբերմանը, և ապա գնված բնակարանները անհատույց օգտագործման պայմանագրային հիմունքներով առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքներին տրամադրելուն։

Հնչեցին բազմաթիվ այլ առաջարկներ թե´ բնակարանային խնդիրների լուծման, և թե´ աշխատատեղերի ապահովման վերաբերյալ։ Շեշտադրում կատարվեց տեղահանված անձանց կենտրոնացմանը:

Աշխատաժողովի  մասնակից կառույցները նաև քննարկեցին տեղահանված անձանց ինտեգրման խնդիրները: Անդրադարձ կատարվեց արդեն տարված աշխատանքներին, մշակված հեռագնա ռազմավարական մոտեցումներին: Մասնակից կառույցները խմբային աշխատանքների միջոցով նաև փոխանակվեցին գաղափարներով, հնչեցին նոր առաջարկություններ։

Աշխատաժողովն ավարտվեց համատեղ ռազմավարական ծրագրի ստեղծման առաջարկով և մասնակից կառույցների համատեղ գործակցության պատրաստակամությամբ:

12771468_533042800192426_1484461817233509184_o 12747893_533041286859244_649461124519670076_o IMG_1426 IMG_1391