«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում տեղի ունեցավ Դիլիջանի սոցիալական բնակարանային ծրագրի ներկայացումը

2015թ-ի հոկտեմբերի 5-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նոր կենտրոնում Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) գործադիր տնօրեն Արա Նազինյանը և կազմակերպության ներկայացուցիչ Անի Աբրահամյանը սիրիահայ ընտանիքներին ներկայացրեցին Սոցիալական բնակարանային ծրագիրը, որի նպատակն է օգնել կարիքավոր սիրիահայ ընտանիքներին ձեռք բերել մատչելի բնակարաններ Դիլիջանում և հնարավորությունների սահմաներում օգնել նաև աշխատանք գտնելուն:

Պրն. Նազինյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում կառուցված տները, որոնք սիրիահայ ընտանիքները կարող են ձեռք բերել և´ գնման, և´ վարձակալության հիմունքներով: Ծրագրի շրջանակում հնարավոր  է գնել տուն մասամբ վճարումներ կատարելով, իսկ վարձով տուն ձեռք բերելու դեպքում՝ վարձը կազմում է 50.000 դրամ:

Ինչպես նաև նա նշեց, որ ձեռք բերելով տուն Դիլիջանում՝ բնակիչը ավելի քիչ գումար է ծախսում կոմունալ վճարների վրա. տարեկան կոմունալ միջին վճարը կազմում է 7.000-10.000 դրամ: Վերոհիշյալ տները երկու հարկանի են, վերանորոգված են, բաղկացած են 2 ննջասենյակից, 2 սանհանգույցից, խոհանոցից, ճաշասենյակից,  ունեն հողատարածք: Գտնվում են քաղաքի կենտրոնին կից, մոտ են դպրոցին, մանկապարտեզին:

Անդրադառնալով աշխատանքի հնարավորություններին՝ պրն. Նազինյանը նշեց, որ ձեռք է բերվել համաձայնություն Դիլիջանի քաղաքապետարանի և քաղաքում գործող մի շարք կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են տրամադրել աշխատանք Դիլիջանում բնակություն հաստատող սիրիահայ ընտանիքներին: Նա նաև նշեց, որ ԱՍԲԱ կազմակերպությունը պատրաստվում է առաջիկայում կազմակերպել սոցիալական ձեռներեցության մասին ծրագիր Դիլիջանում բնակվող սիրիահայ ընտանիքները համար: Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռներեցության վերաբերյալ՝ ի նպաստ սեփական բիզնեսը ստեղծելուն:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքների խնդիրներով զբաղվող կառույցները՝ ի դեմս ՄԱԿ ՓԳՀԳ-ի, «ՀԱԼԷՊ», «Օքսֆամ», «Առաքելություն Հայաստան», «Կարիտաս», «Սիրիահայերի խնդիրները համակարգող կազմակերպությունների:

«Օքսֆամ» կազմակերպության ներկայացուցիչ Մարգարիտա Հակոբջանյանը կարևորելով Դիլիջանում բնակություն հաստատելու ծրագիրը՝ հանդիպմանը մասնակից սիրիահայ ընտանիքներին հայտնեց, որ այս ծրագիրը երկարաժամկետ է, և հաշվի առնելով Դիլիջանը որպես զարգացող քաղաք դիտարկումը, հնարավոր է համապատասխան կառույցների հանձաժողովները քննարկումներ անցկացնեն և նաև վճարեն սիրիահայ ընտանիքների կողմից Դիլիջանում ձեռք բերվող տների վարձակալության մասնակի վճարները:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչ Ծովիկ Բայթարյանը նկատի ունենալով ծրագրի շրջանակում առաջարկվող առավելությունները՝ խրախուսեց սիրիահայ ընտանիքներին խորհել ծրագրի մասին և փորձել ավելի ծանոթանալ ծրագրի մանրամասնություններին:

Հանդիպման վերջում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու և ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:

Պրն. Նազինյանը նշեց, որ ԱՍԲԱ կազմակերպությունը պատրաստ է Դիլիջանում բնակություն հաստատել ցանկացող սիրիահայ ընտանիքների համար կազմակերպել ճանաչողական այց դեպի Դիլիջան, որտեղ նրանք հնարավորություն կունենան լինել վարձակալության տրվող և վաճառվող տներում, ինչպես նաև կծանոթանան Դիլիջան քաղաքի միջավայրին:

Այն սիրիահայ ընտանիքները, որոնք հետաքրքրված են վերոհիշյալ ծրագրով և ցանկանում են միանալ Դիլիջան մեկնող խմբին, ապա գրանցվելու համար մինչև հոկտեմբերի 20-ը կարող են զանհագարել «ՀԱԼԷՊ» կազմակերպության գրասենյակ 010 545369 հեռախոսահամարով: