«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հաղորդագրությունը «Փրկէ կեանք մը» ծրագրի վերաբերյալ

Սիրիայում, մասնավորապես Հալեպում վատթարացող պատերազմական դրությունը, թողնելով անդառնալի կորուստներ, ստիպում է բնակչությանը տեղափոխվել անվտանգ գոտիներ:

2015թ-ի ապրիլին Հալեպում քրիստոնեական թաղամասերի ակտիվ ռազմական գործողությունների թիրախ դառնալը ստեղծեց առավել ոչ ապահով դրություն սիրիահայ համայնքի համար։

Անհանգստանալով կյանքին սպառնացող իրավիճակում հայտնված և կենցաղային լուրջ խնդիրների առջև կանգնած հարազատների համար՝ Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի ստվար մի հատված նույն ամսին խնդրագրով դիմեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ օգնելու Հալեպում գտնվող իրենց հարազատներին` ձեռք բերել մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս դեպի Հայաստան:

Անսալով օր օրի ավելացող դիմումներին և գիտակցելով կյանքեր փրկող ծրագրի խիստ անհրաժեշտությունը՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն նախաձեռնեց «Փրկէ կեանք մը» ծրագիրը և 2015թ-ի մայիսի 6-ին հանդես եկավ կոչով՝ խնդրելով Հայաստանում և Սփյուռքում գտնվող բոլոր բարերարներին՝ ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել նյութական և հոգեբանական դժվարին իրավիճակում գտնվող, ամեն օր կյանքի և մահու կռիվ տվող և օգնության խնդրանքով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ տեղափոխվելու Հայաստան որպես ապահով երկիր:

2015թ-ի մայիս ամսից առ այսօր իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը տրամադրում է մեկ ուղղությամբ տոմս Լիբանանից դեպի Հայաստան Սիրիայում գտնվող այն հայերին, ովքեր դիմել են կազմակերպությանը` տեղափոխվելու Հայաստան։

«Փրկէ կեանք մը» ծրագրով առաջին ընտանիքը՝ Այրանջյանները, Հալեպից Հայաստան տեղափոխվեցին 2015թ-ի հունիսի 26-ին:

2015թ-ի հունիսի 26-ից մինչև 2016թ. նոյեմբերի 4-ը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան է տեղափոխվել 294 սիրիահայ, թվով` 128 ընտանիք:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն 2015թ-ից մինչև 2016թ. նոյեմբերի 4-ը ստացել է 600 անհատի դիմումագրեր՝ Հալեպից Հայաստան տեղափոխվելու վերաբերյալ։

2016թ-ի նոյեմբերի 4-ի դրությամբ հանգանակվել է 350 տոմսի գումարը:

2016թ-ի նոյեմբեր ամսվա դրությամբ մեկ անձի ճանապարհածախսը՝ ներառյալ Հալեպից Լիբանան ավտոբուսով փոխադրումը, Սիրիայից Լիբանան ելքի արտոնագրի վճարը, Լիբանանի սահմանից Բեյրութի օդանավակայան հասնելու փոխադրամիջոցի գումարը և Լիբանանից Հայաստան մեկ ուղղությամբ տոմսը (FlyDubai ավիաուղու միջոցով) կազմում է 400 ԱՄՆ դոլար:

«Փրկէ կեանք մը» ծրագիրն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից ցուցաբերվող աջակցության շնորհիվ:

Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը, չխնայելով ջանք ու եռանդ, իր ներուժը ծառայեցնելով կյանքեր փրկող աշխատանքին և բռունցքելով մարդասիրական գործունեություն իրականացնող անձանց, կարողացել է հավաքագրել և ապահովել թվով 161 անձանց տոմսերը:

Կարևորագույն դերակատարում ունեն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող անհատ բարերարները, ովքեր շարունակելով նվիրաբերել գումարներ «Փրկէ կեանք մը» ծրագրին՝ օգնում են սիրիահայերին օր առաջ լքել պատերազմական գոտին և տեղափոխվել Հայաստան:

Իսկ 2016թ-ի հոկտեմբերի 15-ին Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին: IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվելու է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց:

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը շարունակելու է կանգնել Հայաստան տեղափոխվել ցանկացող անձանց կողքին: Որպես կառույց ստեղծված ի նպաստ սիրիահայ համայնքի բարօրության՝ մենք պատասխանատու ենք զգում մեզ օր առաջ զորավիգ կանգնելու մարդկային կյանքեր արժեցող պատերազմի ճիրանում հայտնված սիրիահայ համայնքին։

Եվ մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում չբեկվող վստահությամբ լի աջակից կառույցներին: Մենք հավատում ենք, որ փոխգործակցությամբ, միասնական հավատով, Հայրենիքը և Սփյուռքը կամրջելով է հնարավոր լիովին աջակցել դժվարին դրությունում հայտնված Մայր գաղութի զավակներին: