«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Բարեգործական միջոցառում-պտույտ Համբարձման տոնի առթիվ

Ս/թ մայիսի 25-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության տիկնանց խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական միջոցառում-պտույտ՝ նվիրված Համբարձման տոնին։

Մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակից, որտեղից երթուղին ուղևորվեց դեպի Աբովյան քաղաք։

Հյուրերը նախ այցելեցին Սբ․ Հարություն եկեղեցի և ներկա գտնվեցին սուրբ պատարագի, այնուհետև կանգ առան Հատիս ռեստորանային համալիր, որտեղ կազմակերպվել էր տոնական հյուրասիրություն և խորհրդանշական միջոցառում ներկաների համար։

Հյուրերի մուտք ռեստորանային համալիր նշանավորվեց պտուղներից պատրաստված ձեռագործ մատանիների հանձնմամբ, որոնք տոնի հիմնական խորհրդանշականներն էին։

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ընկերային հանձնախմբի ատենապետուհի Ազնիվ Բերտիկյանը, ով հյուրերին ներկայացրեց մինչ օրս պահպանված Համբարձման տոնի խորհուրդը և ծիսական արարողությունների առանձնահատկությունները Հայաստանի տարբեր շրջաններում։

Խաղերը և վիճակները, որոնք ողջ միջոցառման անբաժանելի մասն էին կազմում, գլխավորեց Զեփյուռ Պալապանյանը՝ Ընկերային հանձնախմբի պատվավոր ներկայացուցիչը։

Հյուրերին հանձնվեցին զանազան խրախուսական նվեր-փաթեթներ։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի Գործադիր մարմինը շնորհակալություն է հայտնում բոլոր ներկաներին, ովքեր աջակից եղան կյանքի կոչելու ևս մեկ բարեգործական ձեռնարկ՝ այդ կերպ խրախուսելով և սատար կանգնելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին իր առաքելության իրագործման ճանապարհին։

Առանձնակիորեն, խորին երախտիք տիկին Յակուբյանին և Աղավնի Գազանջյանին, ովքեր հանդես եկան նվիրատվություններով, որոնք ի նպաստ կծառայեն «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովմանը և Հայաստանում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը։