«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մանկապատանեկան հավաքները վերսկսվեցին

Ս/թ․ հուլիսի 29-ին՝ ամառային հանգստից հետո, սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։

Օրը նվիրված էր Խոր Վիրապ եկեղացական համալիրի պատմական նշանակությանը և Գառնու հեթանոսական տաճարի պատմությանն ու այդ խորհրդանշական կոթողի երկարակեցության գաղտնիքներին։

Սաները սերտեցին Հայոց պատմության ամենանվիրական հերոսներից Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Գրիգոր Լուսավորչի ազգանպաստ գործունեությունը՝ համապատասխանաբար, նրանց անգնահատելի ներդրումը Հայաստանում Քրիստոնեության ամրապնդման սրբազան գործում։

Մանկապատանեկանի սաները ծանոթացան առասպելական կերպարների՝ կիկլոպների մասին մի շարք հետաքրքրական պատմությունների և օրն ավարտեցին իրենց պատկերացումների նկարազարդմամբ։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Ուշադրություն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն այսուհետ կլինի Հյուսիսային պողոտա 11 հասցեն (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։