«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մանկապատանեկան հավաքներ սիրիահայ մանուկների համար
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ մարտի 4-ին սիրիահայ մանուկները կրկին համախմբվել էին կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող մանկապատանեկան հավաքի շուրջ։
Փորձառու ուսուցիչների ուղղորդությամբ մանուկներն ու պատանիները արդեն պատրաստվում են Սբ․Հարության տոնին և տանում են նախապատրաստական աշխատանքներ՝ Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոնին նվիրված ձեռային աշխատանքներ պատրաստելու համար։
Մանկապատանեկան հավաքի ընթացքում երեխաները նաև պատմեցին փոքրիկ պատմություններ արաբերենով և այնուհետև թարգմանեցին հայերեն։
Նրանք մասնակից դարձան տարատեսակ խաղերի, որոնք անբաժանելի մասն են կազմում մանկապատանեկան հավաքների։
Մանկապատանեկան հավաքների կազմակերպման ու իրականացման գործում կարևորագույն դերակատարում ունեն մանկապատանեկան հավաքների ուսուցչական և համակարգող անձնակազմը՝ հանձինս Նաիրի Շեկոյանի, Սիրանուշ Գումրույանի, Վարդենի Դիրարյանի, Արազ Շեկոյանի և Հենա Ափոշյանի, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանում գտնվող սիրիահայ մանուկների և պատանիների ազատ ժամանակը հավուր պատշաճի կազմակերպելու համար։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։
Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:
Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:
Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։