«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ․ Մի կամավորի հետքերով՝ Հովսեփ Թաթարյան

«Սիրիահայերի հետ աշխատանքը մեծ կարևորություն է ներկայացնում ինձ համար։ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն տվեց ինձ հնարավորություն առավել քան երբևէ մոտ լինել իմ արմատներին և սիրիահայերի առօրեական կյանքին։ Հույսով եմ, որ իմ աշխատանքի մեկ ու կես ամիսները օգտակար եղան իմ հայրենակիցների հոգսերը կիսելու գործում։ Իմ մեջ ունենալով այս փորձառությունը՝ ցանկանում եմ ապագայում կրկին գալ և օգտակար դառնալ հարազատ դարձած կազմակերպությանը և Հայաստանում ապաստանած սիրիահայերին»։

(Հովսեփ Թաթարյան, կամավոր, Սուդան)

 

«ՀԱԼԷՊ» հայրենակցական   բարեսիրական   հասարակական կազմակերպությունը «Դեպի Հայք» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ, կամավորական ծրագրի շրջանակում, հյուրընկալեց Սուդանից Հայաստան ժամանած Հովսեփ Թաթարյանին։

Հովսեփը շուրջ յոթ շաբաթ տևողությամբ աշխատանք կատարեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում՝ ներգրավված լինելով կազմակերպության ընթացիկ աշխատանքներում, մասնավորապես՝ «Որդեգրիր ընտանիք մը» մարդասիրական շտապ օգնության ծրագրում։

Վերջինիս նպատակն է աջակցել Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայ ընտանիքներին լուծելու նրանց առջև ծառացած կենցաղային խնդիրները՝ ցուցաբերելով ֆինանսական օգնություն ստեղծելու առաջնային բարենպաստ պայմաններ նրանց բնակության հաստատման և միջավայր` ինտեգրման համար։

«Որդեգրիր ընտանիք մը» հարթակի շնորհիվ, անհատ բարերարները «ՀԱԼԷՊ» կազմակերպության միջոցով կապ են հաստատում Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայ ընտանիքների հետ և ցուցաբերում ֆինանսական աջակցություն։

Հովսեփը հնարավորություն ստացավ ուղղակիորեն առնչվել կազմակերպության շահառուների հետ՝ ծառայելով որպես առաջնային օղակ բացահայտելու և վեր հանելու նրանց  կարիքները ու դասակարգելու այն ըստ հրատապության։

Ուրախ էինք հյուրընկալել մեր սիրելի կամավորին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ -ի ջերմ տանիքի ներքո և երախտապարտ ենք նրան բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի համար։

Վստահաբար, նրա գործն իր նպաստն է ունենալու «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ «Որդեգրիր ընտանիք մը» ծրագրի շարունակականության գործում և ծառայելու է հայրենիքում ապրող սիրիահայերի բարoրությանը։