«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Ամանորյա ճաշկերույթ սիրիահայ երիտասարդների համար

Ս/թ. հունվարի 15-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության երիտասարդաց խորհրդի «Տաքուկ ճաշ» նախաձեռնությունն իր շուրջն էր համախմբել Հայաստանում գտնվող սիրիահայ երիտասարդներին:

Ավելի քան 80 սիրիահայ երիտասարդներ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում միասին նշեցին Հին նոր տարին՝ ճաշակելով արևմտահայ խոհանոցի բարիքները:

Ճաշկերույթը սկսվեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի ղեկավար Հակոբ Կազանջյանի ողջույնի խոսքով: Կարևորելով սիրիահայ երիտասարդների միասնականությունը և նրանց բարօրության ապահովմանն ուղղված երիտասարդական ծրագրերը Հայրենիքում՝ Հ. Կազանջյանը երիտասարդներին ներկայացրեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի կողմից տարված աշխատանքները:

Սիրիահայ երիտասարդներին իր ողջույնի խոսքով քաջալերեց նաև ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը: Նա բարձր գնահատեց սիրիահայ երիտասարդների հասարակական կյանքում ակտիվացմանն ուղղված նմանատիպ միջոցառումները և մաղթեց, որ երիտասարդները հավատ ընծայեն իրենց ուժերին՝ իրենց սեփական նպատակներին հասնելու համար:

«ՀԱԼԷՊ»  ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհուրդը կազմակերպելով ամանորյա ճաշկերույթը՝ նաև հոգացել էր երիտասարդներին նվերներ հատկացնելու մասին՝ կազմակերպելով տարատեսակ հետաքրքրաշարժ խաղեր:

Ճաշկերույթի պատշաճ կազմակերպմանն իրենց կարևորագույն մասնակցությունը ցուցաբերեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհուրդը, որի հոգատարության և ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ երիտասարդների համար կազմակերպել միջոցառումը։

Իսկ նվերների հատկացման գործում մեծ դերակատարում ունեն «Lee Deluxe» շոկոլադի գործարանը, Սիլվա Դիզայն նվերների խանութը, Լայք բար-սրճարանը, Արաքս ռեստորանը և Փիտստոպ արագ սննդի կետը։

Հիմնադրումից ի վեր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր աշխատանքներում մեծ տեղ է հատկացնում Հայաստանում հաստատված սիրիահայ երիտասարդների առջև ծառացած խնդիրներին և համապատասխանաբար մշակում ծրագրեր՝ լուծումներ գտնելու համար: Իր հերթին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհուրդը ծառայում է հարթակ սիրիահայ երիտասարդների գաղափարների կյանքի կոչման և քաղաքացիական կյանքում նրանց ակտիվ ներգրավման համար:

IMG_0055 IMG_0006 IMG_0027 IMG_0039 IMG_0064 IMG_0071 IMG_0084 IMG_0092 IMG_0104 IMG_0138 IMG_0156