«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Ավարտվեց «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագիրը

Ս/թ. սեպտեմբերի 30-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում տեղի ունեցավ «Սիրիահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» ծրագրի ավարտական միջոցառումը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացված ծրագիրը մեկ տարի շարունակ համախմբել և նոր գիտելիքներով ու հմտություններով է զինել թվով 100 սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների:

Ծրագրի ավարտական միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը: Կարևորելով ծրագրի նշանակությունը Հայաստանում հաստատված սիրիահայ երիտասարդների կյանքում՝ տիկին Բալխյանը ծրագրի մասնակից երիտասարդներին քաջալերեց հավատալ սեփական երազանքներին, ընտրել այն ուղին, որը լի է համամարդկային արժեքներով, զարդարել առօրյան իմաստությամբ, համեստությամբ ու քաջությամբ, և դառնալ այն փոփոխությունը, որն ուզում են տեսնել աշխարհում:

Անդրադառնալով ծրագրի շարունակականությանը՝ տիկին Բալխյանը տեղեկացրեց, որ այսուհետ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներքո գործելու է սիրիահայ երիտասարդների կենտրոն, որը նպաստելու է երիտասարդների կրթմանը, հոգևոր և ֆիզիկական զարգացմանը, ինքնաիրացմանը:

Ներկաներին ծրագրի, իրականացված դասընթացների, նախաձեռնությունների մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրեց ծրագրի համակարգող Նաիրա Մարգարյանը:

Միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Լիաննա Սահակյանը հավաստագրեր շնորհեց դասընթացի 25 լավագույն մասնակիցներին:

Ավարտական խոսքով հանդես եկան ծրագրի մասնակիցներ էլսի Արոյանը և Հովսեփ Գրիգորյանը:

img_1720 img_1728 img_1730 img_1732 img_1736 img_1737