«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը զորակցություն է հայտնում Տեխասի հայ համայնքին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 3-ին հնչեցրած իր հայտարարությունում նշում է, որ մեծ ցավով և մտահոգությամբ է հետևում Հյուսթոնում և Տեխաս նահանգի այլ հատվածներում Հարվի փոթորկի պատճառած ավերածություններին և կոչ է անում համահայկական բարեսիրական կազմակերպություններին համախմբվել՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում։

«Մեր աղոթքները Հարվի փոթորկի զոհերի և նրանց ընտանիքների հետ են», ասում է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը։ «Սիրիահայերը լիովին հասկանում են տեղահան լինելու ցավը։ Մենք կոչ ենք անում բոլորին, մասնավորապես Սփյուռքին և Հայաստանի կառավարությանը, ընդլայնել մարդասիրական աջակցությունն ի նպաստ Տեխասից տեղահան եղածների»։

Օգոստոսի 25-ին Հյուսթոնում (ինչպես նաև Հարիս Քաունթիի այլ հատվածներում) և Տեխաս նահանգի այլ առանցքային քաղաքներում վրա հասած փոթորիկը պատճառ է հանդիսացել 51 մահացության դեպքի, առավել քան 150000 բնակելի տարածքների փլուզման և 30000 մարդու տեղահանության։ Ավերիչ փոթորկից տուժածների շարքերում են նաև Հյուսթոնի մեր հայրենակիցները։

Մինչ շատերը Հյուսթոնը չեն դիտարկի իբրև ԱՄՆ-ի հայ համայնքի կենտրոններից մեկը, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն առաջին վկաներից է Հյուսթոնի Սբ․ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ համախմբված հայ համայնքի կենսունակությանը և համայնքի  նվիրվածությանը հայկական արմատներին։

2015թ․-ի ապրիլին, երբ Հալեպի հայ համայնքը «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման «Ալ-Նուսրա» մասնաճյուղի կողմից ենթարկվեց ռմբակոծությունների, որի հետևանքով զանգվածային մահացություններ ու տեղահանություններ գրանցվեցին, հարյուրավոր սիրիահայեր ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին, որպեսզի կարողանան Հալեպից տեղափոխվել Երևան։ Քաջ գիտակցելով Հալեպում գտնվող հայ համայնքի ծայրահեղ վտանգավոր իրավիճակը՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը նախաձեռնեց «Փրկէ կեանք մը» ծրագիրը՝ նպատակ ունենալով աջակցել դժվարին դրությունում գտնվող սիրիահայերին՝ լքելու պատերազմական Սիրիան և տեղափոխվելու Հայաստանում։

2015թ-ի ապրիլից մինչև 2016թ-ի հոկտեմբեր ամիսը Հյուսթոնի հայ համայնքը Սբ․ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի՝ հանձին ծխական խորհրդի ատենապետ Վրեժ Քոլանդջյանի ղեկավարությամբ «Փրկէ կեանք մը» ծրագրին նվիրաբերեց ավելի քան 60000 ԱՄՆ դոլար՝ օժանդակելով ավելի քան 160 սիրիահայի Սիրիայից Հայաստան տեղափոխվելուն։

«Այդ ծայրահեղ դժվարին պահին Հյուսթոնի հայ համայնքը կանգնեց սիրիահայերի կողքին՝ տալով երկրորդ հնարավորություն վերսկսելու կյանքը Հայաստանում», – ասում է տիկին Բալխյանը։ «Մենք անկարող ենք երբևէ մոռանալ Տեխասի հայ համայնքի ցուցաբերած կենսական աջակցությունը սիրիահայերին»։

2016թ-ի հոկտեմբերից «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը համագործակցում է «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի հետ «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում և սիրիահայերի աջակցություն ցուցաբերելու նպատակով կյանքի կոչում այլ բարեսիրական նախաձեռնություններ։

Փետրվարին Հյուսթոնի Սբ․ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Վրեժ Քոլանդջյանը հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ միասին հանգանակեց նշանակալի գումար՝ ի նպաստ սիրիահայերի բարօրության ապահովման։ Գիտակցելով, որ  IDeA հիմնադրամը ստանձնել է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի ֆինանսավորումը, Հյուսթոնի հայ համայնքն առավել քան 75000 ԱՄՆ դոլար հատկացրեց ի աջակցություն Հայաստանում սիրիահայերի տնտեսական կայունությանը միտված նախաձեռնությանը, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատատեղեր Հայաստանում հաստատված սիրիահայերի համար և նպաստել վերջիններիս տնտեսական ներգրավմանը։

Հյուսթոնի հայ համայնքի անգնահատելի աջակցության շնորհիվ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը պլանավորում է շուտով հիմնել Միջին Արևելյան խոհանոց-արտադրամաս Երևանում, որը աշխատանքային հնարավորություններ է ստեղծելու Հայաստանում հաստատված սիրիահայերի համար։ Խոհանոց-արտադրամասի տարածքի ձեռքբերումը հնարավոր է դարձել Հյուսթոնի հայ համայնքի նվիրատվությունների շնորհիվ, իսկ մնացած գումարը, որն անհրաժեշտ է կենտրոնի բարեկարգման և կահավորման համար, հանգանակվել է պարոն Վրեժ Քոլանդջյանի և աշխարհում սփռված նրա ընկերների անխոնջ ջանքերով։

Եվ այժմ ունենալով Հարվի փոթորկից տուժած Տեխասի հայ համայնք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը կոչ է անում ողջ Սփյուռքին մարդասիրական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին Տեխասում՝ սատարելով Սբ․ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհրդին և նվիրաբերություն կատարելով Հարվի փոթորկի օգնության ֆոնդին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն արդեն իր համեստ նվիրատվությունն է կատարել օգնության ֆոնդին և քաջալերում է համահայկական բարեսիրական կամակերպություններին նույնպես ցուցաբերել մարդասիրական օգնություն։

«Մենք որպես սիրիահայեր երբեք չենք կարող բավարար չափով հայտնել մեր երախտիքը Տեխասի հայ համայնքին», – հավելում է տիկին Բալխյանը։ «Փոխարենը մենք շարունակելու ենք աղոթել նրանց և բոլոր տեխասցիների ապահովության համար այսչափ դժվարին ու անհանգիստ ժամանակներում»։

 

Հյուսթոնի Սբ․ Գևորգ հայկական առաքելական եկեղեցի։ (Լուսանկարը: Արտակ Դավթյան)