«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հյուրընկալեց միջազգային երիտասարդական ծրագրի մասնակիցներին

Ս/թ․ հուլիսի 28-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում հյուրընկալվեցին Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Կարիտաս Լյուքսեմբուրգի, Կարիտաս Մոնտենեգրոյի և Կարիտաս Իտալիայի հետ համագործակցությամբ ERASMUS+ ծրագրի շրջանակում իրականացվող Ամառային դպրոցի մասնակիցները։

Վերջիններիս Հայաստան են ժամանել մասնակցելու փախստականների խնդիրներին վերաբերող ամառային դպրոցին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի առաքելությանը և ծրագրային ուղղություններին ծանոթացնելու նպատակով կազմակերպության փոխնախագահ Հայասա Թահմազյանը և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործադիր մարմնի անդամ, արտաքին կապերի ղեկավար Սարգիս Բալխյանը հանդես եկան անմիջական և ջերմ ներկայացմամբ, որը հնարավորություն տվեց աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած երիտասարդներին ոչ միայն ծանոթանալ կառույցի գործունեությանը, այլև բացահայտել արդի և հրատապ խնդիրները, որոնց առերեսվում են Հայաստանում ապաստանած կարիքավոր սիրիահայերը։

Հանդիպմանը հրավիրված էին նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տիկնանց խորհրդի անդամները, սոցիալ-հոգեբանական խմբակի մասնակիցները, որոնք իրենց սեփական օրինակով հնարավորություն տվեցին հյուրերին ծանոթանալ սիրիահայերի կարիքներին ու խնդիրներին՝ պատերազմական Սիրիայից առաջ և հետո։

Երիտասարդներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց տեսլականը Սիրիական ճգնաժամի և դրա հետևանքով փախսատական դարձաձ միլիոնավոր մարդկանց շուրջ։

Հանդիպումը ավարտվեց կառուցողական հարց ու պատասխանով և խոստմամբ՝ կրկին այցելել Հայաստան և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ։

Լինելով առաջնային կառույցներից մեկը, որն աջակցություն է ցուցաբերում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված բազմահազար սիրիահայերին՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը կարևորում է երիտասարդության դերը այժմյան կարևորագույն խնդիրներից՝ փախստակաների առջև ծառացած խնդիրների լուծման հարցում։