«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը նշեց երկրորդ տարեդարձը

2015թ-ի հոկտեմբերի 28-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը նշեց իր գործունեության երկրորդ տարեդարձը:

2013թ-ին կազմավորվելով Հայրենիքում՝ «ՀԱԼԷՊ» կազմակերպության խորհուրդն իր առջև խնդիր դրեց համախմբել սիրիահայության խնդրով հետաքրքրված անձանց ներուժը և միասնաբար ուժերով զորավիգ կանգնել դժվարին կացության մեջ հայտնված Մայր գաղութի զավակներին:

Ընդամենը երկու տարի է գործում կազմակերպությունը, բայց արդեն հասցրել է մշակել ու իրականացնել սիրիահայության բարօրության համար խիստ կարևոր ծրագրեր:

Այսօր կազմակերպությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանում ապաստանած թվով 4800 սիրիահայ անձանց,  թվով 60 կարիքավոր սիրիահայեր կազմակերպության ձեռնարկած «Փրկէ Կեանք Մը» ծրագրի շրջանակում հնարավորություն են ունեցել տեղափոխվել Հայաստան Լիբանանից, երեք սիրիահայ ընտանիք Երևան քաղաքում առանց վարձավճարի ձեռք է բերել տուն կազմակերպության «Հյուրընկալէ Ընտանիք Մը» ծրագրի շրջանակում, թվով 110 սիրիահայ երիտասարդների համար կազմակերպվել է ծրագիր՝ ուղղված նրանց լուսավոր ապագայի կառուցմանը Հայաստանում:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն մշակել է առանձին ծրագրեր ուղղված սիրիահայ կանանց և երեխաների բարօրությանը: Այսօր կազմակերպության հովանու ներքո գործում է «Արևիկ-Հայաստան» հաշմանդամության խնդիրներով անձանց կենտրոնը: Իսկ սիրիահայ կանանց համար կազմակերպվել են դասընթացներ՝ ի նպաստ ձեռներեցության զարգացմանը, նրանց տնտեսական մասնակցության խթանմանը և սոցիալական պայմանների բարելավմանը:

«ՀԱԼԷՊ» կազմակերպության գործադիր մարմինը ձեռք ձեռքի տված օժանդակ և ընկերային կանանց հանձնախմբերին, երիտասարդների և պատանիների խորհրդներին, անհատ բարերարներին, միջազգային և տեղական կառույցներին՝ միասնաբար ուժերով կառուցում է հուսալի ապագա պատերազմի արհավիրք տեսած և կրկին գաղթի ճանապարհը բռնած հայ ժողովրդի համար:

Կազմակերպության երկրորդ տարեդարձի առթիվ շնորհավորական խոսքերով հանդես են եկել կազմակերպության գործադիր մարմնի անդամները՝ ի դեմս հիմնադիր նախագահ Անի Բալխյանի, փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Պայթարյանի:

Շնորհավորանքներ և երախտիքի խոսքեր են հղել նաև կազմակերպության գործադիր մարմնի, օժանդակ և ընկերային կանանց հանձնախմբերի, երիտասարդաց և պատանյաց խորհուրդների անդամները:

«Մենք վստահ ենք, որ միասնաբար, ուս ուսի, ձեռք ձեռքի, հավասար քայլելով, իրար նեցուկ լինելով և հավատա ունենալով վաղվա ավելի պայծառ օրվա հանդեպ, կկարողանանք հասնել մեր նվիրական երազանքին և տեսնել սիրիահայությանը, աշխարհասփյուռ հայ ժողովրդին խաղաղ, բարեկեցիկ, ծաղկուն ու ապահով»,- տիկին Ծովիկ Մակարյան-Պայթարյանի այս խոսքերով ազդարարվեց կազմակերպության երկրորդ տարեդարձի մեկնարկը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում այն անձանց, կառույցներին, որոնք առանց վարանելու, ջանասիրաբար օժանդակեցին և շարունակում են օժանդակել կազմակերպության գործունեությանը:

Մենք ուժեղ ենք ձեզ, բոլորիդ հետ միասին: Մենք կանք, գործում ենք հանուն վաղվա լույսով լեցուն ապագայի, հանուն անշեջ հավատի հանդեպ աշխարհի խաղաղության և ժողովուրդների ապահով կյանքի: