«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը նշեց իր հիմնադրման չորրորդ տարեդարձը

2017թ-ի հոկտեմբերի 28-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) նշեց իր հիմնադրման չորրորդ տարեդարձը։

Հիմադրման չորրորդ տարեդարձի առթիվ երախտագիտության ու սիրո ջերմ ելույթով հանդես եկավ կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը։

Իր խոսքում տիկին Բալխյանը խորին երախտագիտություն հայտնեց կազմակերպության կառուցվածքը հանդիսացող գործադիր մարմնին, տիկնանց խորհրդին, երիտասարդաց խորհրդին, ընկերային և օժանդակ հանձնախմբերին, «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալությանը, տնօրինությանն ու ուսուցչական կազմին, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի աշխատակազմին և կամավորներին։

Առանձնահատուկ շնորհակալություն ուղղվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնված և կազմակերպությանն աջակցություն ցուցաբերող «Հալեպ» կազմակերպության գործադիր մարմնին։

«Յարգարժան հիւրեր, եւ սիրելի անդամ-անդամուհիներ «ՀԱԼԷՊ» կազմակերպութեան,

Այսօր 2017-ի Հոկտեմբեր 28-ին «ՀԱԼԷՊ» կազմակերպութեան հիմնադրման չորրորդ տարեդարձին առթիւ երախտագիութեան ու սիրոյ ջերմ զգացումներով կը շնորհաւորեմ մեր շատ սիրելի անդամ-անդամուհիներուն և շնորհակալութիւն կը յատնեմ բոլորին յատկապէս կազմակերպութեանս կառուցուածքը հանդիսացող գործադիր մարմնին, Տիկնանց խորհուրդին, երիտասարդաց խորհուրդին, ընկերային եւ օժանդակ յանձնախումբերուն, «Արեւիկ» կեդրոնի խնամակալութեան, տնօրէնութեան եւ ուսուցչական կազմին, ինչպէս նաեւ «ՀԱԼԷՊ» կազմակերպութեան աշխատակազմին եւ կամավորներուն։

Յատուկ շնորհակալութեան խօսք կուզիմ ուղղել Ամերիկայի Միացեալ նահանգներու մէջ հիմնուած «ՀԱԼԷՊ» կազմակերպութեան հոգաբարձուներու խորհուրդին եւ գործադիր մարմնին։

Տեղին է նշիլ, որ չորս տարիներու ընթացքին իրենց անսահման նուիրուածութեամբ, անխոնջ հաւատքով եւ մարդասիրական բարձր ոգիով օժտուած մեր անդամներն ու բարերարները ճիգ չխնայեցին աջակցելու եւ սատար կանգնելու Սուրիական ճգնաժամին որպէս արդիւնք ստեղծուած «ՀԱԼԷՊ» կազմակերպութեան գործունէութեան յաջող երթին, որուն առաքելութիւնն էր յոյսի եւ լոյսի նշոյլ մը սփռել Սուրիացի մեր տագնապահար ու վշտահար եղբայրներուն եւ քոյրերուն կեանքերուն մէջ։

Այս բոլորին միացեալ աշխատանքով է, որ միայն կարելի եղաւ յաղթայարել անթիվ դժուարութիւններ ու 2013 թուականին հիմնուած «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպութիւնը հասցնիլ 2017 թուականին ուժեղ

ու ինքնավստահ քայլերով առաջ գացող կազմակերպութեան մը, որուն ծրագիրներու հորիզոնը օրըստօրէ կընդլայնի յօգուտ մեր սիրիահայ եղբայրներուն ու քոյրերուն բարօրութեան ապահովման։

Իր գործունեութեան հիմքը ունենալով մարդասիրութիւնը, ունենալով գաղափարախօսութիւն, որը կը ծառայէ դժուարին դրութեան յայտնուած անձերու արժանապատիւ կեանքի ապահովմանը՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն այսօր ոչ միայն կը նշանաւորէ իր բարեսիրական աշխատանքներու չորս տարիները, այլ եւս մէկ անգամ կը կարեւորէ այն գաղափարը, որ հաւաքական ուժը, հաւատը, միասնութիւնը, խաղաղասիրութեան շուրջ համախմբումն ունակ են փրկել մարդկանց պատերազմի ճիրաններէն, օգնել կանգնել, տալ յոյս՝ կառուցելու լուսաւոր ապագայ։

Այս հաւատով կը մաղթեմ, որ աշխարիս օր առաջ տիրէ մշտավառ խաղաղութիւնը, այն թեւածի Մայր Սուրիա, Հայաստան և ամենուր, լեցնէ մարդոց սրտերը բարութեամբ ու կեանքը զարդարէ միայն ավետաբեր լուրերով», իր խոսքում նշեց Անի Բալխյանը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեության չորս տարիների ծավալուն բարեսիրական գործունեությունը ներկայացվեց կազմակերպության հիմնադիր անդամ, գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանի կողմից։

Կազմակերպության չորրորդ տարեդարձի առթիվ իրենց ողջույնի և շնորհավորական խոսքերը հղեցին նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր անդամ Ռիտա Կարագուլյանը, փոխնախագահ Հայասա Թահմազյանը և կազմակերպության «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենապետուհի Լուսին Շոհմելյանը և կազմակերպության տիկնանց խորհրդի անդամ Ծովիկ Հայրապետյանը։

Ջերմ մաղթանքներով, չորս տարիների ընթացքում ձեռքբերումները նշելով և յուրաքանչյուր անհատի ու կառույցի ներդրումն կազմակերպության գործունեության շարունակականությունում արժեվորելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը թևակոխեց իր գործունեության հինգերորդ տարին։