«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը նպաստում է նաև երիտասարդների շրջանում ազգային երգ-երաժշտության վերհանմանը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը հավատարիմ մնալով իր ազգանվեր գործունեությանը՝ հանդես է գալիս «Սիրիահայ երիտասարդների հմտությունների և գիտելիքների վերապատրաստում» խորագիրը կրող նախաձեռնությամբ։

Վերջինիս նպատակն է վեր հանել հայկական ազգային երգն ու երաժշտությունը և նպաստել ազգայինի պահպանմանը և տարածմանը։

Նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի 15-30 տարեկան թվով 50 սիրիահայ երիտասարդների, ովքեր դեռ սկսնակ են երաժշտության ոլորտում, ստանալ խորացված գիտելիքներ ազգային երգարվեստի վերաբերյալ և կխթանի նրանց ակտիվ ներգրավվածությանը մշակութային կյանքին։

Նախաձեռնության շրջանակում մրցակցային հիմունքներով ընտրված երիտասարդները կմասնակցեն գործնական և տեսական դասընթացների, որոնք ներառելու են սոլֆեջո, ընդհանուր դաշնամուր, սոլո վոկալ, սոլո դաշնամուր, կիթառ, ջութակ, երաժշտական գրականություն։ Դասընթացները կուսուցանվեն մի խումբ հայտնի սիրիահայ և հայաստանաբնակ արվեստագետների կողմից: