«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը 380 սիրիահայի տրամադրեց մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս դեպի Հայաստան

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության գործունեությունում իր ուրույն տեղն ունի «Փրկիր մի կյանք» ծրագիրը: Այն կյանքի կոչվելով 2015թ-ի մայիսին՝ կանգնում է պատերազմական Սիրիայում նյութական և հոգեբանական դժվարին դրությունում գտնվող և օգնության խնդրանքով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերի կողքին և տրամադրում է նրանց մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս դեպի Հայաստան:

2017թ-ի հունվարի 10-ի դրությամբ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն ամփոփում է «Փրկիր մի կյանք» ծրագրի շրջանակում տարված աշխատանքերը և նշում արդյունքները:

2015թ-ի հունիսի 26-ից մինչև 2016թ-ի դեկտեմբերի 30-ը «Փրկիր մի կյանք» ծրագրով 380 սիրիահայի համար գնվել են մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմսեր դեպի Հայաստան: 359 սիրիահայ արդեն Հայաստանում են և կառուցում են իրենց ապագան Մայր Հայրենքիում, իսկ մյուս 21 հոգին Հայաստան է ժամանելու 2017թ-ի հունվար ամսին:

2015թ-ի ընթացքում «Փրկիր մի կյանք» ծրագրով Սիրիայից Հայաստան տեղափոխվեց 119 հոգի, թվով 47 ընտանիք:

2016թ-ի ընթացքում «Փրկիր մի կյանք» ծրագրով 261 սիրիահայի համար գնվեց մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմսեր դեպի Հայաստան: 261 սիրիահայից արդեն 240 հոգին, թվով 112 ընտանիք Հայաստանում է:

2016թ-ի վերջին երեք ամիսների ընթացքում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկիր մի կյանք» ծրագրով Հայաստան է ժամանել թվով 126 հոգի, համապատասխանաբար, հոկտեմբեր ամսին՝ 50 հոգի, նոյեմբեր ամսին՝ 53 հոգի և դեկտեմբեր ամսին՝ 23 հոգի:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը «Փրկիր մի կյանք» ծրագիրն իրականացնում է աշխարհասփյուռ հայորդիների և հայրենանվեր գործունեությամբ զբաղվող կառույցների ֆինանսական աջակցությամբ: Մասնավորապես, «Փրկիր մի կյանք» ծրագրին ձեռք են մեկնել Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը, ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը, Դանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հայկական համայնքները, բարերարներ Վրեժ Քոլանդջյան, Արա և Թալար Չալյանները, Ռաքել Նադջարյան, Թերեզա Մխիթարյանը, Ջոն Հադդաթ և մի շարք այլ անհատ բարերարներ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Փրկիր մի կյանք» ծրագրի կյանքի կոչմանն իրենց լուման ունեցած անձանց և կառույցերին: Նրանց անբեկանելի վստահության, կուռ հավատի, միասնականության և մարդասիրական գործունեության շնորհիվ է, որ հնարավոր դարձավ կամրջելով Հայրենիքն ու Սփյուռքը՝ դժվարին դրությունում նեցուկ լինել Մայր գաղութի զավակներին: