Բարեգործական վաճառք ի նպաստ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության

2017 թ-ի դեկտեմբերի 23-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) տեղի ունեցավ արևելյան ուտեստների բարեգործական վաճառք՝ ի նպաստ կազմակերպության «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի կենտրոնի գործունեության ապահովման:

Բարեգործական վաճառքին մասնակցեցին սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայեր, ովքեր ոչ միայն ջանասիրաբար պատրաստել ու հանրությանն էին ներկայացնում հարուստ արևելյան խոհանոցի ուտեստները, այլև ցանկություն էին հայտնել իրենց ուրույն ներդրումն ունենալ բարեգործական վաճառքի կյանքի կոչմանը:

Իր հերթին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի անձնակազմը պատրաստել էր փոքրիկ տեսանյութ, որը ներկաներին համապարփակ տեղեկատվություն էր տրամադրում կենտրոնի գործունեության մասին:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած հաշմանդամության խնդիր ունեցող սիրիահայերն անվճար ստանում են ներառական կրթություն՝ մասնակցելով մաթեմատիկայի, նկարչության, երաժշտական, ֆիզիկական դաստիարակության, հոգեբանական աջակցման դասընթացներին, ինչպես նաև թատրոն-թերապիա և խոսքի զարգացման դասընթացներին: Վերջիններս իրականացվում են սիրիահայ ուսուցիչների կողմից:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը ապահովում է նաև կենտրոնի սաներին տրամադրվող մեկանգամյա սնունդը:

Իր գործունեությամբ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնը նպաստում է հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավածությանը հայաստանյան քաղաքացիական կյանքում: