«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնի ամանորի միջոցառումը

2017թ-ի դեկտեմբերի 23-ին կայացավ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի կենտրոնի ամանորյա միջոցառումը։

Տոնական միջոցառումը մեկնարկեց «Արևիկ-Հայաստան» կենտրոնի տնօրենուհի Ազնիվ Լիբարյանի ողջույնի խոսքով, ինչպես նաև տեսաշարով ներկայացվեց կենտրոնի ողջ գործունեությունը։

Միջոցառումը նշանավորվեց կենտրոնի հատուկ կարիքներ ունեցող սաների արտասանությամբ և երգերով։

Իրենց ողջույնի և քաջալերանքի խոսքը հղեցին կազմակերպության «Արևիկ-Հայաստան» կենտրոնի կողմից տարվող աշխատանքներին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Ծովիկ Պայթարյանը, կազմակերպության հիմնադիր անդամ Ռիտա Կարագուլյանը և «Արևիկ-Հայաստան» կենտրոնի խնամակալության ատենապետուհի Լուսին Շոհմելյանը։

Միջոցառումն ավարտվեց «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաներին նվերներ հանձնելով և Նոր տարվա բարեմաղթանքներով:

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած հաշմանդամության խնդիր ունեցող սիրիահայերն անվճար ստանում են ներառական կրթություն՝ մասնակցելով մաթեմատիկայի, նկարչության, երաժշտական, ֆիզիկական դաստիարակության, հոգեբանական աջակցման դասընթացներին, ինչպես նաև թատրոն-թերապիա և խոսքի զարգացման դասընթացներին: Վերջիններս իրականացվում են սիրիահայ ուսուցիչների կողմից:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը ապահովում է նաև կենտրոնի սաներին տրամադրվող մեկանգամյա սնունդը:

Իր գործունեությամբ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնը նպաստում է հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի ներգրավածությանը հայաստանյան քաղաքացիական կյանքում: