«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի բարեգործական միջոցառումը Նյու Ջերսիում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական   բարեսիրական   հասարակական կազմակերպության ԱՄՆ-ում գտնվող նույնանուն աջակից կառույցի գործադիր մարմնի ներկայացուցիչների ջանքերով սույն թվականի հոկտեմբերի 27-ին  ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի «Կրիչյան Գրիլ և Բիստրո» ռեստորանում տեղի ունեցավ բարեգործական ճաշկերույթ՝ ուղղված Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի առօրյա խնդիրների հաղթահարմանը։

Ճաշկերույթի ժամանակ բացման խոսքով հանդես եկավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ԱՄՆ-ի գործադիր մարմնի ներկայացուցիչ Ռաքել Նաջարյանը՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակից լինելու և իրենց նպաստը բերելու բարեգործական նախաձեռնությանը։

Իսկ գործադիր մարմնի ներկայացուցիչներից Սարգիս Բալխյանը ներկայացրեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությունը, կազմակերպության ընթացիկ և ապագա ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանում սիրիահայ համայնքի կայացմանը և ամրապնդմանը։

Ճաշկերույթին իր մասնակցությունն էր բերել ԱՄՆ-ի Հայ առաքելական եկեղեցու արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական արքեպիսկոպոս Չօլոյանը, ով ողջունեց ներկաներին և իր սրտի խոսքը հղեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչներին: Կարևորելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մարդասիրական և հայանպաստ գործունեությունը՝ արքեպիսկոպոս Չօլոյանը կոչ արեց բոլորին աջակից լինել կազմակերպությանը՝ իրականացնելու իր աստվածահաճո առաքելությունը։

Բարեգործական նախաձեռնությանը մեծապես աջակցություն ցուցաբերեցին բարերարներ Տեր և Տիկին Էդվարդ և Քարմեն Գյուլբենկյանները, ովքեր պատրաստակամություն հայտնեցին կրկնապատկել բարեգործական ճաշկերույթի ամբողջ հասույթը՝ 7400 ԱՄՆ դոլարը։

Ճաշկերույթի իրականացման գործում իր կարևոր դերն ունեցավ նաև «Կրիչյան Գրիլ և Բիստրո» ռեստորանի ղեկավար Անահիտ Կրիչյանը, ով ցանկություն էր հայտնել անվարձահատույց տրամադրել ռեստորանը և բարեգործական ճաշկերույթի ողջ ընթացքում ապահովել հյուրասիրությունը։

Իսկ բարեգործական նախաձեռնության հանրայնացման և ԱՄՆ-ում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեության լուսաբանման գործում իր կարևորագույն նպաստը բերեց Նյու Յորքում «Ամերիկայի ձայն» հեռուստատեսությունը՝ հանձին պրոդյուսեր Կարինե Քոչարյանի:

 «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր երախտիքի խոսք է հղում ճաշկերույթին աջակցություն ցուցաբերած բոլոր անհատներին և կառույցներին, ովքեր մեզ զորավիգ են լինում՝ շարունակելու մեր ազգանվեր գործունեությունը և  ուժերի   ներածին  չափով օգնության ձեռք մեկնելու սիրիահայ համայնքի զավակներին և միասնաբար կառուցելու Հայաստանի լուսավոր ապագան։

20161027_19305814894592_10155528393673569_1973935672_o14859327_10155528393568569_1693651889_o14881483_10155528393608569_429094351_o