«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Պալխեանը ստացավ «Խիզախ կին» մրցանակը

Հայաստանի միջազգային հանրությունը` հանձինս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ու Ֆրանսիայի դեսպանությունների, Հայաստանում Եվրամիության պատվիրակության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ս/թ․ դեկտեմբերի 11-ին կայացած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իր գնահատանքը հայտնեց Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, բազմազանության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների ու հավասար հնարավորությունների խթանման համար անխոնջ աշխատանք տարած անձանց և կազմակերպություններին։

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության «Խիզախ կին» մրցանակը հանձնվեց «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Պալխեանին՝ ի երախտագիտություն տիկին Պալխեանի կողմից նախաձեռնված մարդասիրական ծրագրերի, մասնավորապես «Փրկիր մի կյանք» ծրագրի, որի առանցքում ընկած է սիրիական հակամարտության հետևանքով Սիրիայում դժվարին դրությունում հայտնված սիրիահայերին դեպի Հայաստան մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմսով ապահովելը։

Տիկին Պալխեանին մրցանակը հանձնեց ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն։ Իր խոսքում պրն. Բուզետոն նշեց՝ «Ճգնաժամերի և զինված հակամարտությունների ընթացքում է՛լ առավել վտանգի տակ են դրվում մարդու իրավունքները, և հենց այս ժամանակներում է, երբ ի հայտ են գալիս այն քչերը, ովքեր խիզախություն ունեն օգնելու մյուսներին, երբ վտանգված է իրենց սեփական կյանքը։ Տկն. Անի Պալխեանն այդ քչերից էր, ով առանց վարանելու հանձն առավ մարդկային կյանքեր փրկելու առաքելությունը՝ օգնելով շատերին դուրս պրծնել սիրիական հակամարտության գոտուց։ Նա խիզախ գտնվեց նաև դրանից հետո՝ Հայաստանում, երբ շարունակում էր օգնել Սիրիայից տեղահանված ընտանիքներին։ Պատիվ ունեմ տկն․ Պալխեանին հանձնելու «Խիզախ կին» մրցանակը՝ մարդասիրական առաքելության, մարդկային կյանքեր փրկելու և փախստականների պաշտպանությունն առաջ մղելու իր բացառիկ նվիրվածության և Սիրիայից տեղահանված ընտանիքների ինտեգրմանն ուղղված նրա խիզախ քայլերի համար»։

Իր հերթին տիկին Պալխեանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչություններին մրցանակը շնորհելու և ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական հասարակության զարգացման շուրջ արդյունավետ աշխատանքներ տանելու համար։

Իր խոսքում տիկին Պալխեանը նշեց, որ մրցանակը պատկանում է նաև Ռաքել Նադջարյանին, Թալար Չոլակյանին, Քարմեն Գյուլբենկյանին, Մարալ Գարագաշյանին, Տեխասի Սբ. Գևորգ եկեղեցու ծխական խորհրդին՝ Վրեժ Քոլանդջյանի ղեկավարությամբ, և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամին, քանզի հենց այս բարերարների և կառույցների շնորհիվ հնարավոր դարձավ հանգանակել գումար «Փրկիր մի կյանք» ծրագիրը կյանքի կոչելու համար, ինչպես նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կամավորներին և անձնակազմին՝ նվիրված աշխատանքի համար:

Տիկին Պալխեանը նաև իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթին և ՄԱԿ ՓԳՀ-ի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանին Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին անդադար աջակցություն ցուցաբերելու համար:

Եվ վերջում տիկին Պալխեանը շնորհավորելով մյուս մրցանակակիրներին՝ մաղթեց, որ խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը տիրեն աշխարհին, որ Սիրիայում վերջապես տիրի այդքան ցանկալի խաղաղությունը:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում «Արդարության և թափանցիկության խթանում» մրցանակը հանձնվեց «Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ին և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: «Կառավարության բարեփոխիչ» մրցանակ շնորհվեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործընթացում զգալի ներդրում ունեցած Վիգեն Քոչարյանին, «մեդիա գերազանցություն» մրցանակը՝ «Մեդիալաբ» խմբագրություն լաբորատորիային, «Ազատության պաշտպան» մրցանակը՝  Իզաբելլա Սարգսյանին: