«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնությունը հօգուտ սիրիահայ պատանիների համախմբման

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության պատանյաց խորհրդի անդամների համար 2015թ-ի հոկտեմբերի 25-ին կազմակերպվել էր գիշերակաց:

Պատանյաց խորհրդի ղեկավար Ալին Մոմճյանի գլխավորությամբ 13-18 տարեկան  35 սիրիահայ պատանիներ մեկ գիշեր անցկացնելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նոր կենտրոնում՝ հնարավորություն ունեցան մասնակից դառնալու շատ լայն, հետաքրքիր ու բազմազան ծրագիր ներառող գիշերակացին:

Պատանիները մասնակցեցին տարաբնույթ խաղերի, որոնք ուղղված էին նրանց ստեղծագործական մտքի զարգացմանը: Ինչպես նաև կատարեցին ազգային, հայրենասիրական երգեր, դիտեցին ֆիլմեր, որոնց միջոցով ծանոթացան հայոց պատմությանը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի պատանյաց խորհրդի այս նախաձեռնության նպատակն էր համախմբել Հայաստանում բնակվող սիրիահայ պատանիներին, վեր հանել նրանց ստեղծագործական հմտությունները՝ ի սպաս դնելով նրանց լուսավոր ապագայի կառուցմանը Մայր Հայրենիքում: