«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Հալեպից Հայաստան տեղափոխվեց Գալուստյանների ընտանիքը

Ս/թ. հոկտեմբերի 11-ին Հալեպից Հայաստան տեղափոխվեց մահից հրաշքով փրկված Գալուստյանների ընտանիքը, թվով 4 հոգի: «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի շուրջ համախմբված բարերարների շնորհիվ հնարավոր դարձավ ապահովել Ժան և Գոհար Գալուստյանների, նրանց մանուկներ Ռիտա և Գևորգ Գալուստյանների մեկ ուղղությամբ տոմսերը դեպի Հայաստան:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ համացանցում լայն տարածում գտավ «Արևելք» լրատվականի տարածած «Մահից հրաշքով ենք փրկվել և ուզում ենք հեռանալ այստեղից. երիտասարդ հայուհի» խորագրով նյութը: Ծանոթանալով հայուհու՝ Գոհար Գալուստյանի ընտանիքին սիրիական քաղաքացիական պատերազմի հետևանքով վեր հասած անելանելի դրությանը, ինչպես նաև անսալով նրա ընտանիքի ցանկությանը՝ տեղափոխվելու Հայաստան որպես ապահով երկիր, «ՀԱԼԷՊ»  ՀԲՀԿ-ն ընտանիքի չորս անդամներին անմիջապես ներառեց կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրում և կարողացավ բարերարների աջակցությամբ ապահովել կարիքավոր ընտանիքի տեղափոխումը դեպի Հայրենիք:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին և կառույցներին՝ կյանքեր փրկող մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Ձեր աջակցությամբ է, որ ամեն անգամ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներկայացուցիչները կարողանում են Զվարթնոց օդանավակայանում ջերմորեն դիմավորել Հայաստան տեղափոխվել ցանկացող Մայր գաղութի զավակներին:

14686628_1332016270165331_2050769166_n