«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր աջակցությունը բերեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնած ծրագրին՝ ի նպաստ սիրիահայ կանանց զբաղվածության հիմնախնդրի լուծմանը

Նախորդ տարվա նոյեմբերին մեկնարկեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջեկեղեցական բարեգործական  Կլոր սեղան հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի կողմից նախաձեռնված «Արտակարգ իրավիճակների արագ արձագանքում» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվեցին սեղանի ձևավորման, վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, զգեստների մոդելավորման և օտար լեզուների դասընթացներ՝ Հայաստանում ապաստանած հարյուրավոր սիրիահայ կանանց համար։

Որպես ծրագրի աջակից կառույց՝ ծրագրում սիրիահայ կանանց ներգրավման հարցում իր կենսական նշանակությունը ունեցավ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը:

Իսկ ս/թ․ ապրիլի 19-ին, արդեն իսկ դասընթացների հաջող ավարտի կապակցությամբ կազմակերպվեց ամփոփիչ ավարտական միջոցառում, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ներկաների հետ կիսվեցին իրենց տպավորություններով և ծրագրի շրջանակներում ձեռք բերած հարուստ գիտելիքներով և փորձով։

Ավարտական միջոցառման ընթացքում խոսքով հանդես եկավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, ով նշեց, որ սիրիահայերին աշխատանքով ապահովելը կարևոր խնդիր է, և որի լուծմանն է ուղղված կառույցի ծրագրերի մի մասը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Ծովիկ Պայթարյանը, ով գովեստի արժանացրեց Հայաստանում գտնվող սիրիահայ համայնքի զբաղվածութան ապահովման ուղղությամբ տարված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջեկեղեցական բարեգործական  Կլոր սեղան հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի գործունեությունը՝ սիրիական կոնֆլիկտի հետևանքով Հայրենիքում հաստատված յուրաքանչյուր սիրիահայի բարօրության առհավատչյան համարելով աշխատանքով ապահոված լինելը։

Ծրագրի շրջանակներում սիրիահայ կանայք մասնակցելով դասընթացների «Արտ Հաուզ» ուսումնական կենտրոնում սովորել են կար ու ձև, հագուստի մոդելավորում, սեղանի ձևավորում, խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, օտար լեզուներ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը շարունակելու է իր գործունեության շրջանակում մեծապես ուշադրություն արժանացնել սիրիահայ կանանց ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում և աջակից լինել Հայաստանում սիրիահայ կանանց համար նորանոր աշխատանքային հնարավորությունների ստեղծմանն ուղղված ծրագրերին: