«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում բուժական պրակտիկա անցկացրեց տրավմատիկ խեղումների գծով հավաստագրված փորձագետ դոկտոր Անի Գալայջյանը

2017թ-ի ապրիլի 22-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում  հյուրընկալվեց Տրավմաների Կանխարգելման ու Պաշտպանության ասոցիացիայի «Իմաստալից աշխարհի» հիմնադիր նախագահ, ՄԱԿ-ի Հոգևոր արժեքների և գլոբալ մտահոգությունների գործադիր կոմիտեի անդամ, Միացյալ Նահանգների հոգեբաններին ասոցիացիայի բռնությունների կանխարգելման և ուղղորդման կոմիտեի միջազգային բաժնի ղեկավար դոկտոր Անի Գալայջյանը:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը ողջունեց դոկտոր Անի Գալայջյանի այցը կազմակերպություն և շնորհակալություն հայտնեց կազմակերպության գործունեությանն ուշադրություն արժանացնելու համար:

Դոկտոր Գալայջյանը «ՀԱԼԷՊ» կազմակերպության կենտրոնում անցկացրեց բուժական պրակտիկա սիրիական կոնֆլիկտի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար:

Նա ներկայացրեց «Իմաստալից աշխարհ» մարդասիրական նպաստամատույց ծրագիրը, որի շրջանակում տրավմատիկ խեղումների գծով հավաստագրված փորձագետ դոկտոր Գալայջյանը գործի դրեց բուժական մի մոդել, որը կազմվել է նրա կողմից և որի ընթացքում կատարվում են հետտրավմատիկ ախտորոշումներ, կոնֆլիկտների, բռնությունների, վեճերի, ապրումների, ցնցումների բնորոշում, հետազոտում, գնահատում: Այնուհետև կիրառվում է հետևանքների վերացման բուժական-հոգեբանական ծրագիր:

Դոկտոր Գալայջյանը գրել է «Աղետն ու զանգվածային տրավման» հետազոտությունը, հեղինակել է տարբեր տեսություններ և բուժական պրակտիկաներ: Այդ պրակտիկաների մի մասն ուղղված է Ցեղասպանության տրավմայի սերնդային փոխանցման կանխարգելմանը: