«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում հյուրընկալվել էին «Եկեղեցիների համատեղ գործողություն» ալյանսի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ներկայացուցիչները

Ս/թ. ապրիլի 14-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության գրասենյակում հյուրընկալվել էին «Եկեղեցիների համատեղ գործողություն» համադաշնության (ACT Alliance) Եվրոպայի ծրագրերի համակարգող Յանա Շրոդերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը և ծրագրերի պատասխանատու Ալլա Սարգիսովան:

Հանդիպմանը մասնակցում էր նաև «Կիւլապի Կիւլպէնկեան» հիմնադրամի փոխտնօրեն, ԱՄՆ-ում «ՀԱԼԷՊ» կազմակերպության աջակից կառույցի գործադիր մարմնի անդամ և ազգային բարերար տիկին Քարմեն Գյուլբենկյանը:

Հանդիպման շրջանակում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը համապարփակ տեղեկատվություն տրամադրեց կազմակերպության գործունեության, նախաձեռնած և իրականացված ծրագրերի մասին: Տիկին Բալխյանը ևս մեկ անգամ կարևորելով Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի առաջնային խնդիրները՝ առավել շեշտադրում կատարելով ներկայացրեց «ՀԱԼԷՊ» կազմակերպության նախաձեռնությունները՝ դիմագրավելու հրատապ լուծում պահանջող բնակարանային և զբաղվածության խնդիրներին:

Անդրադարձ կատարվեց նաև «ՀԱԼԷՊ» կազմակերպության և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համատեղ գործակցությանը և կարևորվեց երկու կողմերի փոխհամագործակցության արդյունքում կազմակերպված ծրագրերը՝ ուղղված Հայաստան տեղափոխված սիրիահայ համայնքի ներգարվմանը քաղաքացիական կյանք:

Հանդիպման ավարտին օրիորդ Շրոդերը բարձր գնահատելով «ՀԱԼԷՊ» կազմակերպության լայնածավալ գործունեությունը՝ նշանավորեց իրականացվող յուրաքանաչյուր ծրագրի կարևորությունը Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի բարօրության համար:

12986800_10201371120517538_1607759540_o