«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում հյուրընկալվեցին ամառային միջազգային ճամբարի մասնակիցները

Ս/թ. օգոստոսի 25-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿում հյուրընկալվել էին ավելի քան 40 երիտասարդներ եվրոպական ութ երկրներից:

Վերջիններս մասնակցում են Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն «Երիտասարդական ակումբների դաշնության» և «MIJARC EUROPE» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Երիտասարդական ճանապարհ դեպի հանդուրժողականություն» խորագիրը կրող ամառային ճամբարին:

Ամառային ճամբարի հիմնական նպատակն է հզորացնել և ճիշտ ուղղորդել երիտասարդության ներուժը աշխարհում օրեցօր տարածվող անհանհանդուրժողականության մարտահրավերին դիմագրավելու և դրա հետևանքները հնարավորինս նվազեցնելու համար:

Ծրագրի շրջանակում հյուրընկալվելով «ՀԱԼԷՊ»  ՀԲՀԿում՝ առաջնային կառույցներից մեկում, որն օժանդակություն է ցուցաբերում սիրիական համակարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿի փոխնախագահ Հայասա Թահմազյանի և արտաքին կապերի ղեկավար Սարգիս Բալխյանի աջակցությամբ ծանոթացան կազմակերպության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Միջազգային երիտասարդական ծրագրին մասնակցում են նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿի երիտասարդաց խորհրդի ներկայացուցիչները: