«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. «Փրկէ կեանք մը» ծրագրով ևս հինգ հոգի Հայաստան տեղափոխվեցին

Սույն թվականի նոյեմբերի 15-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրով Հալեպից Հայաստան տեղափոխվեցին Փանոսյան ընտանիքի չորս անդամները և Սահակ Բարսեղյանը:

Փանոսյանների ընտանիքին և Սահակ Բարսեղյանին Զվարթնոց օդանավակայանում դիմավորեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի ներկայացուցիչները։ Նրանց տեղափոխումը Հալեպից Հայաստան հնարավոր դարձավ IDeA հիմնադրամի ցուցաբերած աջակցության շնորհիվ:

2015թ-ի մայիս ամսից առ այսօր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից մշակված և իրականացվող «Փրկէ կեանք մը» ծրագիրը աջակցում է Հալեպում դժվար կացության մեջ հայտնված, նյութական ծանր դրության մեջ գտնվող և օգնության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ին դիմած սիրիահայերին՝ ձեռք բերելու մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան։

Հիշեցնենք, որ 2016թ-ի հոկտեմբերի 15-ին Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը, տարածելով հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ, իր աջակցությունն է հայտնել նաև Հայաստան տեղափոխվել ցանկացող սիրիահայերին: IDeA հիմնադրամի այս նախաձեռնությունն իրականացվում  է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկէ կեանք մը» ծրագրի շրջանակում՝ նեցուկ կանգնելով պատերազմական Սիրիայից Հայաստան գալ փափագող անձանց:

15057810_994272057386217_1147760438_n 15049592_994272114052878_1978090876_n