«Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել» ծրագիրը աջակցության նոր հարթակ սիրիահայերի համար
Ս/թ. հունիսի 29-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Եվրամիության ֆինանսավորմամբ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, Կարիտաս Ավստրիայի և Կարիտաս Լիբանանի համագործակցությամբ իրականացվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել» ծրագրի պաշտոնական մեկնարկը։
Պաշտոնական միջոցառման հյուրերի՝ պետական կառույցների, միջազգային և տեղական կազմակերպությունների շարքում էր նաև «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Ծովիկ Պայթարյանը՝ կոչ անելով սիրիահայերի և միգրանտների իրավունքների պաշտպանության կարևորագույն առաքելության իրագործման ճանապարհին համախմբել դաշտում առկա կառույցների ջանքերը։
Տիկին Պայթարյանը հույս հայտնեց, որ ծրագիրը իր կենսական դերն է ունենալու Լիբանանի և Հայաստանի ապաստան հայցողների, փախստականների և միգրանտների իրավունքների պաշտպանության գործում։
Հայաստան ժամանած սիրիահայերին, «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել» ծրագրի շրջանակներում, տրամադրվելու են ինտեգրման ծառայություններ՝ լեզվի դասընթացներ, որոնք կլինեն անհատական, արևելահայերեն և ռուսերեն լեզուներով, անհատական աշխատանք բիզնեսմենների հետ: Սիրիահայերին հատկացվելու են նաև անտոկոս փոխառություններ կամ դրամաշնորհներ՝ բիզնեսները սկսելու, զարգացնելու համար և այլն։
«Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել» ծրագիրը իրականացվում է նաև Լիբանանում, որտեղ ծրագրի մեկնարկը տրվել էր դեռ ս/թ․մայիսի 2-ին։