«Հաղթահարենք պատերազմի հետևանքները միասին» ծրագրի մասնակից կազմակերպությունները հյուրընկալվեցին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ սեպտեմբերի 28-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը հյուրընկալել էր «Գերմանա-ռուսական փոխանակում» հասարակական կազմակերպության և ուկրաինական «Ազատ մարդկանց երկիր» ՀԿ-ի հետ համատեղ իրականցվող «Հաղթահարենք պատերազմի հետևանքները միասին» ծրագրի շրջանակում համախմբված համագործակից կառույցներին։ Վերջիններս ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան և Ռուսաստանը։

Նրանց շարքերում էին «Հայկական Կարիտաս»-ը, «Սուխումի» հիմնադրամը Վրաստանից, «Արևելյան Եվրոպայի հիմնադրամը» Ուկրաինայից և գործընկերներ Հյուսիսային Կովկասից։

Հյուրերին ողջույնի խոսքով դիմավորեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի փոխնախագահ Հայասա Թահմազյանը, ով ներկաներին համապարփակ տեղեկատվություն տրամադրեց կազմակերպության գործունեության վերաբերյալ և պատասխանեց հանդիպման ներկաներին հուզող հարցերին։

Նա բարձր գնահատեց ծրագրի կարևորությունը և զուգահեռներ անցկացրեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի առաքելության՝ այն է օգնել Հայաստանում ապաստանած սիրիահայ կարիքավոր ընտանիքներին հաղթահարել աիրիական ճգնաժամի սոցիալ-հոգեբանական հետևանքները, ձեռք բերել սոցիալ-տնտեսական կայունություն և այլն։

«Հաղթահարենք պատերազմի հետևանքները միասին» ծրագիրը մեկնարկել է 2016թ-ի օգոստոսին և շարունակվելու է մինչ 2017թ-ի հոկտեմբերը։

Ծրագրի  հիմնական նպատակն է օգնել բնակչությանը հաղթահարել պատերազմական ավերածությունները, մշակել ռազմավարություն պատերազմի հետևանքով պայմանավորված ընտանեկան բռնության կանխարգելմանը համար, հաղթահարել կոնֆլիկտներով պայմանավորված խտրականության հաղթահարումը, ներքին տեղահանված անձանց ու փախստականների ինտեգրման արդյունավետ ռազմավարության մշակում, սոցիալ-տնտեսական կոնֆլիկտների մեղմացում սոցիալական ձեռներեցության խթանման միջոցով և այլն։