Համակարգչային դասընթացներն օգնելու են սիրիահայ երիտասարդներին աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալ

2018 թվականի մայիսի 24-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկել է նոր դասընթաց: Այս անգամ ծրագրի շահառու սիրիահայ երիտասարդների խմբին հնարավորություն է ընձեռվել  մասնակցելու Microsoft Office-ի խորացված վերապատրաստական համակարգչային դասընթացին։

Դասընթացը հնարավոր է դարձել «ՀԱԼԵՊ» հայրենակցակական բարեսիրական հասարակական կազմակերպության և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցության շնորհիվ։

Microsoft Office-ի դասընթացները օգնելու են մասնակիցներին հմտորեն տիրապետել Microsoft Word, Excel և PowerPoint ծրագրերին, ինչն աշխատաշուկայում նրանց ավելի մրցունակ է դարձնելու:

Դասընթացն իր կառուցվածքով պատրաստված է այնպես, որ յուրաքանչյուր մասնակից կարողանա իր ստացած գիտելիքներն անմիջականորեն կիրառել աշխատանքում և առօրյա կյանքում:

Երկամսյա դասընթացի ընթացքում մասնակիցները սովորելու են համակարգչով ճկուն և հմտորեն ստեղծել, տեղադրել և մատուցել ցանկացած տեղեկատվություն և փաստաթուղթ, աշխատել աղյուսակների հետ, ինչպես նաև արագ, մատչելի և տպավորիչ ձևով ներկայացնել փաստաթղթեր և սլայդեր:

Հմուտ մասնագետի օգնությամբ մասնակիցները տեսական գիտելիքներ են ստանալու, կատարելու են թե խմբակային և թե անհատական գործնական աշխատանքներ և վարժություններ:

Դասընթացներն իրականացվում են Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի արհեստավարժ մասնագետների կողմից կենտրոնի գրասենյակում, որը համալրված է ՏՀՏ ոլորտի տարբեր տիպի դասընթացներ և սեմինարներ կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով և ծրագրերով: Դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:

Դասընթացի առաջին հանդիպմանը ներկա էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի համակարգող Լաուրա Սամվելյանը: Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ նա ասաց. «Մենք բոլորս ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում: Այժմ հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքն առանց համակարգչային ծրագրերի, հատկապես այսպիսի հույժ կարևոր  համակարգչային ծրագրերի, որոնք օգտագործվում են բոլոր գրասենյակներում, ուսումնական հաստատություններում և առօրյա կյանքում»:

Դասընթացի սիրիահայ մասնակից Անժելա Գասպարյանը կիսվեց հանդիպման մասին իր տպավորություններով: «Թեև սա դեռ առաջին դասընթացն է, որ Microsoft Word ծրագրի մասին արդեն շատ բան սովորեցի: Դասընթացը շատ հետաքրքիր է մատուցվել և կարծում եմ, որ նոր ստացած գիտելիքներս կարող եմ օգտագործել աշխատանք փնտրելիս»,-նշեց նա:

Հիշեցնենք՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի նպատակն է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը: