Համբարձման տոնին նվիրված բարեգործական նախաճաշ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ում

2018 թվականի մայիսի 10-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԿ) տիկնանց խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հերթական բարեգործական նախաճաշը՝ նվիրված Համբարձման տոնին:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ կազմակերպության հիմնադիր անդամ Ռիտա Կարագուլյանը, ով իր ողջույնի խոսքը հղեց ներկաներին․շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը շարունակական աջակցման համարև հյուրերին ներկայացրեց Համբարձման տոնի խորհուրդը:

Կենդանի երաժշտության ներքո բարեգործական միջոցառման մասնակիցները վայելեցին համեղ նախաճաշը, ինչին հաջորդեցին բազմազան հետաքրքրաշարժ խաղերն ու վիճակահանությունը:Միջոցառմանը մասնակից կանայք հաճույքով համտեսեցին արևելյան խոհանոցին բնորոշ համեղ ճաշատեսակները՝ պատրաստված տիկնանց խորհրդի ջանասեր անդամների կողմից:

Բարեգործական միջոցառման շահույթը ծառայելու է «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի գործունեության շարունակականության ապահովմանը՝ նպաստելով Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի բարօրությունն ապահովող ծրագրերին:

«ՀԱԼԷՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում կազմակերպության տիկնանց հանձնախմբին՝ ջանք ու եռանդ չխնայելու և ուրույն նպաստ ունենալու կազմակերպության կողմից մարդասիրական ծրագրերի իրականացման գործում: