Հայկական թատրոնը՝ սիրիահայ կանանց առօրյայի անբաժան մաս

2019թ․ մայիս-հունիս ամիսներին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի անդամներն առիթ ունեցան այցելելու մի շարք թատրոններ և դիտելու հայկական թատերական արվեստի ամենահայտնի և հետաքրքիր ներկայացումները։

Ծրագրի անդամներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին և Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահին՝ ծրագրի շրջանակներում մոտավորապես 300 անվճար տոմս տրամադրելու համար։

Ի շնորհիվ վերոնշյալ թատրոնների աջակցության՝ սիրիահայ կանայք հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական թատերական արվեստի անգնահատելի և միշտ արդիական այնպիսի նմուշներին, ինչպիսիք են «Գնա մեռի, արի սիրեմ», «Պատվի համար»,  «Մորգանի խնամին», «Ճշմարտություն», «Մինուս երկու», «The Best Doctor», «Սանտա Կրուզ» և այլ ներկայացումները։

Այցելությունները վերոնշյալ թատրոններ առավել ամրապնդեցին ծրագրի անդամների սերն ու հետաքրքրությունը դեպի հայկական արվեստն ու մշակույթը։

Առ հիշեցում՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքին։

 Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։