Հայկական խոհանոցը որպես ազգային մշակույթի մաս

2019թ․ դեկտեմբերի 6-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) գրասենյակում կայացավ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը՝ 67 սիրիահայ կանանց մասնակցությամբ։ Այս անգամ ծրագրի անդամները հյուրընկալել էին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի ավագ խոհարար և տնօրեն, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի՝ Ազգային և աշխարհի խոհանոց առարկայի դասախոս, մի շարք խոհարարական փառատոների կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանին։ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ի հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը ներկայացրեց հանդիպման հյուրին և խոսքը փոխանցեց վերջինիս՝ ներկայացնելու հայկական խոհանոցը իր բոլոր առանձնահատկություններով։ 

Սեդրակ Մամուլյանը ներկայացրեց հայկական խոհանոցը՝ որպես տարածաշրջանի ամենահին խոհանոց, որը նաև հարևան ժողովուրդների խոհանոցների համար հանդիսանում է սկզբնաղբյուր։ Նա նշեց, որ հայկական խոհանոցի ուսումնասիրություններից ապացուցվում է, որ հայերը եղել են բնիկներ, չեն եղել քոչվորներ, այլ մնայուն բնակություն են ունեցել իրենց հայրենիքում, իսկ ճաշատեսակները և օգտագործվող մթերքները հատուկ են այս տարածաշրջանին եւ պահպանվում են մինչև օրս:

Միջնադարյան գրականության ուսումնասիրությունները պարզել են, որ հայերն ունեցել են առողջ սննդակարգ, ծեսերի ժամանակ կամ տոների ընթացքում պատրաստել են այդ տոնին հատուկ սննդատեսակ, ըստ եղանակի սնվել են կենդանական եւ բուսական սննդամթերքով, որոնք աճել են մեր լեռնաշխարհում, մսեղենից պատրաստել են ապուխտներ, իսկ մրգերից՝ չրեր:

Պարոն Մամուլյանը շեշտեց թե՛ կենդանական եւ թե՛ բուսական սննդի անհրաժեշտությունը, ինչպես նաև աղի կարևորությունը մարսողության համար: Նա նշեց նաև, որ ժամանակակից պայմաններում, օտար խոհանոցների ազդեցությունների պատճառով հայկական ճաշատեսակները բավարար ուշադրության չեն արժանանում և իրենց արժանվույն տեղը չեն զբաղեցնում մեր առօրյա ճաշացանկում, ուստի անչափ կարևոր է եփել հայկական ավանդական ուտեստներ, պահպանել և հաջորդ սերունդներին փոխանցել դրանց բաղադրատոմսներն ու պատրաստման եղանակները։   

Հայկական խոհանոցի մասին մանրակրկիտ զրույցից հետո Սեդրակ Մամուլյանը սիրով պատասխանեց ներկաների հարցերին, ինչպես նաև խորհուրդ տվեց հավաքագրել Արևմտյան Հայաստանի տարբեր շրջանների ճաշատեսակները՝ հայրենիքի կորուսյալ հատվածի խոհարարական ժառանգությունը պահպանելու համար։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ–ի «Սոցիալ–հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։ Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ–հոգեբանական վերականգնմանը։ Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 14։00-ին, «ՀԱԼԷՊ» ՀԿ–ում։ Հասցե՝ ք․Երևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։