«Հայոց ցեղասպանություն. միջազգային ճանաչման գործընթացի արդի փուլը». հանդիպում-քննարկում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում

2019թ. նոյեմբերի 28-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԵՊ» ՀԿ) գրասենյակում սիրիահայ երիտասարդների և թեմայով հետաքրքրված այլ անձանց մասնակցությամբ կայացավ «Հայոց ցեղասպանություն. միջազգային ճանաչման գործընթացի արդի փուլը» խորագիրը կրող հանդիպում-քննարկումը, որի շրջանակներում բանախոսությամբ հանդես եկան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը և ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու, քաղաքական գործիչ Կիրո Մանոյանը: Թեման ընտրվել էր հաշվի առնելով հոկտեմբեր ամսին Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում ռազմական գործողությունների և Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների հանգամանքը: Հանդիպումն անցկացվում էր «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:

Հանդիպումը մեկնարկեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արաքս Մարտիրոսյանի ողջույնի խոսքով: Վերջինս շնորհակալություն հայտնեց ներկաներին, ապա ներկայացրեց հանդիպման բանախոսներին։ Առաջինը բանախոսությամբ հանդես եկավ Թեհմինե Մարտոյանը, ով նախքան բուն թեմային անդրադառնալը՝ կարևորեց նմանատիպ բարեգործական հասարակական կազմակերպությունների դերը Հայաստանում հաստատված սիրիահայերի կյանքը կազմակերպելու գործում և մատնանշեց նման թեմաներով քննարկումների կարևորությունը երիտասարդների շրջանում: «Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի հավաքագրումն ու խնամակալությունը Ալեքսանդրապոլում» թեմայով բանախոսության ընթացքում, տիկին Մարտոյանը անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին Ալեքսանդրապոլի որբերի կյանքին, դժվարություններին, ինչպես նաև այն լուսավոր դրվագներին, որոնք գլխավորապես կապված են Վահան Չերազի անվան հետ, ով իր մեծ ներդրումն է ունեցել հայ որբերի խնամակալության, սկաուտական և մարզական-մանկապատանեկան խմբերի կազմակերպման գործում։

Տիկին Մարտոյանի ելույթից հետո, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը շարունակելով թեման, խոսեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի և Հայ Դատի հանձնախմբի գործունեության մասին:  Ներկայացվեց Հայկական հարցի անցած ուղին, մասնավորապես, ամերիկյան քաղաքական-հասարակական պատմության տարբեր շրջափուլերում, ինչպես նաև որոշ ուշագրավ դեպքեր՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող բանաձևերի ձևակերպումներին, ընդունմանը, կասեցմանն ու դրա պատճառներին։

Բանախոսություններին հաջորդեց ներկաների-բանախոսների հարցուպատասխանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վարման, Ցեղասպանության ճանաչման գործընթացին զուգահեռ հատուցման խնդիրների առաջմղման և տեսլականի մշակման, ինչպես նաև այլ կարևոր խնդիրների վերաբերյալ, որոնք նոր քննարկումների առիթ հանդիսացան:

Քննարկումն ավելի ջերմ միջավայրում շարունակվեց «Ալեպպո Քուիզին» կենտրոնի կողմից պատրաստված միջինարևելյան խոհանոցի յուրահատուկ հյուրասիրության ներքո։

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Երիտասարդական նման միջոցառումների նպատակն է նոր գիտելիքներ հաղորդել սիրիահայ երիտասարդներին, զարգացնել նրանց վերլուծական միտքն ու ծավալել տարբեր ոլորտներին վերաբերող քննարկումներ: