Հանդիպում՝ սիրիահայ երիտասարդների և Շվեդիայի «Մալմո» ասոցիացիայի անդամների միջև

2019թ. ապրիլի 18-ին «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր երիտասարդական միջոցառում, որի շրջանակում սիրիահայ երիտասարդները հանդիպեցին Շվեդիայի «Մալմո» արտաքին գործերի ասոցիացիայի ուսանողական պատվիրակության հետ՝ քննարկելու Հայաստանում և Շվեդիայում սիրիացի փախստականներին վերաբերող հիմնահարցեր:

Հանդիպումը մեկնարկեց «Հալեպ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանի բացման խոսքով, ով ողջունեց հյուրերին, ապա, «Մալմո» ասոցիացիայի անդամներին ներկայացրեց Հայաստանում սիրիացի փախստականների իրավիճակը: Բացման խոսքից հետո, պատվիրակության անդամները և սիրիահայ երիտասարդները սկսեցին ակտիվ քննարկում Սիրիայում շարունակվող հակամարտության, ամբողջ աշխարհում սիրիացի փախստականների կարգավիճակի և  այն մարտահրավերների մասին, որ բախվում են սիրիացի փախստականները Շվեդիայում և Հայաստանում:

Բաց քննարկումից հետո, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Դիանա Չոբանյանը ներկայացրեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)՝ «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագիրը, որն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն՝ GIZ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է օժանդակել սիրիահայ և տեղացի երիտասարդներին գտնելու աշխատատանք և հնարավորություն տալու նրանց՝ սկսել իրենց սեփական սոցիալական ձեռնարկատիրությունը:

Դիանա Չոբանյանի պրեզենտացիայից հետո ծավալվեց քննարկում հարցուպատասխանի տեսքով, որն ավելի ուշ շարունակվեց հյուրասիրության սեղանի շուրջ՝ «Հալեպ» ՀԿ-ի սոցիալական ձեռնարկատիրություն հանդիսացող «Ալեպպո Քուիզին» կենտրոնի կերակրատեսակների մատուցմամբ:

Հանդիպումը կազմակերպվել է «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ: