Հանդիպում բժիշկ Րաֆֆի Ջանեցյանի հետ

2019թ․ նոյեմբերի 29-ին կայացավ «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը։ «ՀԱԼԵՊ» ՀԿ հիմնադիր փոխնախագահ Ծովիկ Մակարյան-Բայթարյանը սիրով ներկայացրեց հանդիպման հյուրին՝ բժիշկ, ուրոլոգ Րաֆֆի Ջանեցյանին․ 1989թ․ Րաֆֆի Ջանեցյանը կրթություն է ստացել Ազգային Քարէն Եփփէ Վարժարանում, ապա Երևանի պետական բժշկական համալսարանում։ 2002թ․ մասնագիտացել է Ուրոլոգիայի ոլորտում, 2003 թվին սովորել է Բոստոնի բժշկական կենտրոնում, հանդիսանում է www.urolog.am-ի հիմնադիր, հեղինակ և գրող, ԵԲԿ ուրոլոգիայի կենտրոնի ղեկավար, ՀԱԱԿ ուրոլոգիայի ծառայության ղեկավար, 2003 թվից՝ Ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ, Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ակտիվ անդամ, Հայ-ամերիկյան Բժշկական Միության անդամ, ինչպես նաև բազմաթիվ բժշկական հոդվածների հեղինակ։

Բժիշկը ներկայացրեց «Կանանց միզուղիների բորբոքումներ» թեմայով դասախոսություն, խոսեց բորբոքումների, դրանց նախանշանների, պատճառների ու կանխարգելման մասին։ Թեմայի շրջանակներում պատասխանեց նաև կանանց հարցերին, տվեց ոչ միայն մանրակրկիտ տեղեկատվություն, այլև՝ օգտակար խորհուրդներ առողջությունը պահպանելու և առողջական խնդիրներից խուսափելու վերաբերյալ։

Ներկաներն արտահայտեցին իրենց շնորհակալությունը և գոհունակությունը այդչափ կարևոր խնդրի մասին իրազեկելու և հանդիպումը կազմակերպելու համար։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ–ի «Սոցիալ–հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ–հոգեբանական վերականգնմանը։

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 14։00-ին, «ՀԱԼԷՊ» ՀԿ–ում։ Հասցե՝ ք․Երևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։