Հաշվապահական դասընթացներ Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների համար

Հաշվապահության, ֆինանսների և գործարար կառավարման ոլորտում ուսանած տասնչորս սիրիահայ երիտասարդ մասնակցում է «Էդյուքեյշնլ փլանետ» ուսումնական կենտրոնում անցկացվող հաշվապահական եռամսյա դասընթացներին՝ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ)՝ հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ:

2019 թ. մարտ ամսին մեկնարկած հաշվապահական դասընթացների նպատակն է հաշվապահներին և բիզնես ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդներին ներկայացնել ՀՀ-ում գործող հարկային օրենսդրությունը, սովորեցնել նրանց հաշվապահների և գործարարների կողմից կիրառվող «Հայկական ծրագրեր» հաշվապահական համակարգը՝ հաշվապահության պատշաճ իրականացման և  պետական եկամուտների կոմիտեին  ճշգրիտ հաշվետվությունների ներկայացման համար:

Բացի այդ, հաշվապահական դասընթացները ներառում են նաև տարբեր թեմաներ, որոնք ապահովելու են մասնակիցներին համապարփակ գիտելիքներով՝ հաշվապահական ընթացակարգերի, մեթոդների և հասկացությունների վերաբերյալ: Ուսանողները գնահատվելու են գործնական առաջադրանքների և իրենց հմտությունները ստուգող հանձնարարությունների հիման վրա:

«Սիրիայում ուսանել եմ բանկային գործ մասնագիտությամբ և, այժմ, Հայաստանում ցանկանում եմ աշխատել իմ մասնագիտությամբ,-նշում է հաշվապահական դասընթացի մասնակից Սալբի Կամուրջեանը,- այս դասընթացների շնորհիվ այժմ ծանոթանում եմ Հայաստանում գործող հարկային համակարգին և համոզված եմ, որ շատ շուտով գտնելու եմ նաև համապատասխան աշխատանք»:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի նպատակն է բարելավվել սիրիահայ երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում և հնարավորություն տալ՝ հասնելու իրենց աշխատանքային նպատակներին: