Հաշվապահական/ ՀԾ համակարգի դասընթացներ «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում

2019թ․ հոկտեմբերի 21-ին մեկնարկեցին եռամսյա հաշվապահական դասընթացները «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) կողմից՝  հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ:

Հաշվապահական դասընթացների նպատակն է հաշվապահներին, բիզնես ոլորտում գործունեություն ծավալող, ինչպես նաև ուսանող երիտասարդներին ներկայացնել ՀՀ-ում գործող հարկային օրենսդրությունը և հայաստանյան բիզնես հասարակությունում լայնորեն կիրառվող «Հայկական ծրագրեր» հաշվապահական համակարգը։ Դասընթացների շրջանակներում ներառվել են ոլորտին առնչվող կարևորագույն թեմաներ, որոնք յուրացնելով մասնակիցները ձեռք կբերեն տեսական և գործնական գիտելիքներ՝ հաշվապահական ընթացակարգերի, մեթոդների և հասկացությունների վերաբերյալ և հետագայում կկիրառեն դրանք սեփական գործունեությունն իրականացնելիս։

«Շնորհակալություն եմ հայտնում ՀԱԼԵՊ ՀԿ-ին և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամին՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար: Հայաստանում աշխատանք գտնելն իսկապես խնդիր է ինձ համար, իսկ հաշվապահական ծրագրերին տիրապետելու դեպքում՝ հնարավորություններս ավելի են ընդլայնվում և հուսով եմ, որ դասընթացներից անմիջապես հետո գտնելու եմ համապատասխան աշխատանք»,- նշում է դասընթացի մասնակից Արփի Տեր-Պողոսյանը:

Դասընթացներն անցկացվում են «Էդուքեյշն սենթեր» ուսումնական կենտրոնում՝ յոթ սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Մասնակիցները գնահատվելու են գործնական առաջադրանքների և յուրացրած հմտությունները ստուգող հանձնարարությունների հիման վրա:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի նպատակն է բարելավվել սիրիահայ երիտասարդների հմտություններն ու մրցունակությունը հայաստանյան աշխատաշուկայում և հնարավորություն տալ՝ հասնելու իրենց աշխատանքային նպատակներին: