Հետազոտական քննարկում. Սիրիական հակամարտության սոցիալ-հոգեբանական ազդեցությունն այժմ Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաների վրա

2019 թ. ապրիլի 9-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ»ՀԿ) հյուրընկալեց Ռոզմարի Ղազարոսին, Հուգո Պեդերին և Ռոզիլենդ Պեդերին: Վերջիններս բրիտանական Տրավմա Վերապրած Երեխաների միջազգային ընկերության (նախկին անվանումը՝ «Լունա» մանկական բարեգործական հիմնադրամ) ներկայացուցիչներն են: Հիմնադրամն իրականցնում է հակամարտության միջով անցած և ծանր սոցիալ-հոգեբանական վիճակում հայտնված երեխաների հետ աշխատող մասնագետների վերապատրաստում: 2014-ից ի վեր այս հիմնադրամը վերապատրաստել է Թուրքիայում, Լիբանանում և Հորդանանում փախստականների հետ աշխատող 75 մասնագետների:

Ծանոթանալով «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեությանը, որը նաև ուղղված է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կարիքներին արձագանքմանը` կազմակերպելով անձի զարգացմանն ուղղված տարատեսակ դասընթացներ և տրամադրելով սոցիալ-հոգեբանական աջակցություն մանուկներին և պատանիներին, Տրավմա Վերապրած Երեխաների միջազգային ընկերության ներկայացուցիչները ցանկություն էին հայտնել քննարկում-հանդիպում ունենալու «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի ներկայացուցիչների և կազմակերպության գործընկերների հետ։

Պատերազմը ծանր և լուրջ հոգեբանական տրավմա է թողնում տեղահանված երեխաների կյանքի վրա։ Տրավմա Վերապրած Երեխաների միջազգային ընկերության գործունեությունն ուղղված է երեխաներին այս  ծանր շրջափուլից դուրս հանելուն։ Ընկերության գործունեությունը Լիբանանում, Հորդանանում և Թուրքիայում ցույց է տվել, որ օգնություն հնարավոր է ցուցաբերել տեղական մակարդակում միայն այն դեպքում, երբ տեղի բնակչությունը և մասնագետները զինված են համապատասխան գիտելիքներով, որոնք թույլ են տալիս ախտորոշել հետտրավմային սթրեսային խանգարումներն ու տրամադրել պահանջվող օգնությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ՝ կապված երեխաների հոգեբանության վրա սիրիական հակամարտության թողած սոցիալ-հոգեբանական ազդեցության և դրա հետևանքով ի հայտ եկած ախտանիշների, ինչպես նաև վարքի հավանական խանգարումների վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցում էին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի մանկապատանեկան հավաքների համակարգողը, մանուկների և պատանիների համար ճամբարներ կազմակերպող անձնակազմը, ՀՕՖ-ի Երեխաների աջակցման կենտրոնի, «Սոս» մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի և սիրիահայ պատանիներին ոչ-ֆորմալ կրթություն տրամադրող նախաձեռնության ներկայացուցիչները,  ինչպես նաև սիրիահայ մայրեր և ակտիվ կանայք, ովքեր մտահոգված են սիրիահայ երեխաների սոցիալ-հոգեբանական առողջության խնդիրներով։

Մասնակիցները քննարկելով հակամարտության հետևանքով երեխաների ապրած տրավմաները՝ յուրաքանչյուրը ներկայացրեց իր անձնական փորձը սիրիահայ երեխաների հետ շփման ընթացքում։ Զրույցի ընթացքում վերհանվեցին այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են հակամարտությունը վերապրած երեխաները հայ հասարակության մեջ ինտեգրվելու ընթացքում․ լեզվական արգելքների, սոցիալական միջավայրը փոխելու, կազմալուծված ընտանիքների և այլ խնդիրները։

Հանդիպումն ավարտվեց կառույցների միջև փոխգործակցության պատրաստակամությամբ, որը թույլ է տալու իրականացնել փորձի փոխանակումներ և ձեռքբերել նորանոր գիտելիքներ տեղահանված երեխաների հետ աշխատանքի վերաբերյալ։