Հերթական սիրիահայ ընտանիքը տոնում է բնակարանամուտը՝ «Հիւրընկալէ ընտանիք մը» ծրագրի շրջանակում

2019թ. հոկտեմբերի 02-ին, «Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ևս մեկ բարերարի կողմից տրամադրված բնակարանի բացման արարողությունը:

«Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագիրը կյանքի է կոչվում բարերարների աջակցությամբ, ովքեր գնելով բնակարաններ՝ անհատույց ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրում են դրանք առավել խոցելի դրությունում գտնվող սիրիահայ ընտանիքներին։

Այս անգամ բարերարներ Տեր և Տիկին Սիմոն և Եղսաբեթ Դեդեյանների շնորհիվ, ևս մեկ սիրիահայ ընտանիք կարողացավ ունենալ բնակարան, որի շնորհիվ ընտանիքը, թեկուզև ժամանակավոր, կարիք չի ունենա մտածել բնակարանային վարձավճարի մասին:  

Բնակարանամուտի արարողությանը ներկա էին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի նախագահ տկն. Անի Բալխյանը, գործադիր տնօրեն Սարգիս Բալխյանը, գործադիր մարմնի անդամ Մարալ Գարագաշյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցիչ տիկին Աննա-Կարին Օստը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու տիկին Անահիտ Հայրապետյանը:

Պարոն Դեդեյանն իր խոսքում նշում է. «Կարևոր եմ համարում պատերազմի միջով անցած սիրիահայ անձանց օգնելը, ովքեր փորձում են իրենց ապագան կառուցել Հայաստանում: Յուրաքանչյուր ոք, ով հնարավորություն ունի ինչ-որ չափով աջակցել դժվարին վիճակում գտնվող ընտանիքներին, պետք է օգտակար դառնա նրանց»:

Խոսքով հանդես եկան նաև «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի նախագահ տկն. Անի Բալխյանը, ով շնորհակալություն հայտնեց բարերարներ Տեր և Տիկին Դեդեյաններին՝ ընտանիքին աջակցելու, իսկ տիկին Աննա-Կարին Օստին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսական օգնությամբ բնակարանն անհրաժեշտ կենցաղային գույքով ապահովելու համար:

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ի անունից շնորհակալություն ենք հայտնում Դեդեյան ընտանիքին «Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագրին միանալու և սիրիահայ ընտանիքների կողքին մշտապես կանգնելու համար:

«Հիւրընկալէ ընտանիք մը» ծրագրի նպատակն է սիրիական պատերազմից տուժած անձանց և ընտանիքներին ապահովել առաջնային կենսական ռեսուրսներով, մասնավորապես տրամադրել կացարան՝ օգնելու ոտքի կանգնել և ստեղծել բարեկեցիկ ապագա:

Ծրագրի շրջանակում բնակարանները ձեռք են բերվում բարերարների միջոցներով և պայմանագրային հիմունքներով ժամանակավոր անհայտույց օգտագործման նպատակով տրամադրվում են սիրիահայ առավել խոցելի ընտանիքներին։ Բնակարանները պատկանում են բարերարներին, իսկ կարիքավոր ընտանիքները կարողանում են առանց վարձավճարի ժամանակավոր բնակվել այդ բնակարաններում։ 

«Հիւրընկալէ ընտանիք մը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ  բնակարանները կահավորվում են անհրաժեշտ կենցաղային գույքով՝ ապահովելով նպաստավոր պայմաններ բնակվելու համար։

Բնակարանային այս ծրագրի շրջանակներում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն համագործակցում է Global Hope Network International-ի հետ՝ սիրիահայ ընտանիքների բնակարան առաջարկելով նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։