ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ-ի նորանշանակ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի այցը «ՀԱԼԵՊ» ՀԿ

2018 թվականի հոկտեմբերի 3-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն իր հարկի տակ հյուրընկալեց Հայաստանի հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի  նորանշանակ ներկայացուցիչ տիկին Աննա-Կարին Օստին և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանին։

Հանդիպման շրջանակում կազմակերպության ղեկավար անձնակազմը տիկին Օստին ներկայացրեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի մարդասիրական ծրագրերը, որոնք նախաձեռնվել և իրականացվել են ի նպաստ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերի կարիքների, մասնավորապես բնակարանային և զբաղվածության խնդիրների լուծման։

Ընդգծվեց «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի համագործակցությունը «Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագրի շուրջ։ Ծրագրի շրջանակում անհատ բարերարները պայմանագրային հիմունքներով ժամանակավոր անհատույց օգտագործման նպատակով բնակարաններ են տրամադրում Հայաստանում ապաստանած առավել խոցելի սիրիահայ ընտանիքներին։ ՄԱԿ ՓԳՀ-ը տրամադրում է կահույքը և կենցաղային պարագանները։ Ծրագրի շրջանակում «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը համագործակցում է նաև Global Hope Network International-ի հետ, որը տեղահանված սիրիահայ ընտանիքներին ապահովում է տանիքով՝ բնակարան առաջարկելով Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Կարևորելով և բարձր գնահատելով տիկին Օստի ցուցաբերած ուշադրությունը կազմակերպության աշխատանքներին՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը նշեց, որ ինչպես հինգ տարի առաջ, այսօր էլ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը հավատարիմ մնալով իր հանձնառությանը՝ շարունակելու է հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել տեղահանված սիրիահայ համայնքին, և այս ճանապարհին մեծապես կարևորում է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը։

Հանդիպումն ավարտվեց կողմերի պատրաստակամությամբ՝ շարունակելու համատեղ աշխատանքն ի նպաստ տեղահանված սիրիահայ համայնքի խնդիրների լուծման։