«Հնագույն ժամանակներից դեպի արդիականություն» աշխատանքային հանդիպում

«Հնագույն ժամանակներից դեպի արդիականություն» աշխատանքային հանդիպումը, որը կազմակերպել էր «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը, Գերմանիայի միջազգային համագործակցություն գործակալության (ԳՄՀԸ) կողմից ֆինանսավորվող «Ավանդական ասեղնագործության դասընթացներ կանանց համար» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ 2015թ. հուլիսի 22-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ գրասենյակում։

Աշխատանքային հանդիպումը ողջույնի խոսքով մեկնարկեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ ծրագրերի ղեկավար Նաիրա Մարգարյանը։ Ներկաների ուշադրությանը ներկայացվեց կազմակերպության կողմից ծավալվող մարդասիրական գործունեությունն ու ջանքերը, սատար կանգնելու Սիրիայի պատերազմի հետևանքով տեղահանված, տուժված և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ համայնքի խոցելի ընտանիքներին և անհատներին։ Անդրադառնալով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ ծրագրերին, մեծապես կարևորվեց ասեղնագործության ուսուցման ծրագրի իրականացումը, որի հիմնական նպատակն է բարելավել սիրիահայ մասնագետների և ծրագրի անմիջական շահառու կանանց բարեկեցությունը, ինչպես նաև նպաստել ավանդական ասեղնագործության տարածմանը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ հիմնադիր նախագահ տիկին Անի Բալխյանը, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ գործադիր մարմնի և հանձնաժողովների անդամները, ԳՄՀԸ ԵՄ-ԹՆՀ ծրագրի օգնական Սիրան Եգանյանը, քաղաքացիական հասարականության ներկայացուցիչները, ծրագրի անմիջական շահառուները և մասնագետները ներկա էի աշխատանքային հանդիպմանը։

Աշխատանքային հանդիպումը վարում էր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի մշակութային հարցերով խորհրդական և Հալեպի Մարտիրոս Սարյանի անվան արվեստի ակադեմիայի ղեկավար, նկարիչ պարոն Հրազդան Թոքմաջյանը։ Հանդիպման ժամանակ պարոն Թոքմաջյանը ներկայացրեց ավանդական ասեղնագործության ուղղությունները, դրանց պատմական զարգացումները և առանձնահատկությունները։ Մասնավորապես, հիմնական շեշտը դրվեց Մարաշ ասեղնագործության և դրա յուրահատուկ կողմերի վրա։ Բազմաթիվ էին ներկաների կողմից բարձրացված հարցերը ներկայացված թեմաների շուրջ, որոնց պարոն Թոքմաջյանը մեծ սիրով անդրադառնում էր Հ&Պ սեսիաների ժամանակ։

Աշխատանքային հանդիպման ավարտին, բոլոր մասնակիցները լրացրեցին հետ-գնահատման թերթիկներ, որոնք հնարավորություն կտան գնահատել հանդիպման, մասնավորապես տեղեկատվության, գիտելիքների փոխանցման, նյութերի ներկայացման և ընդհանուր հանդիպման ձևաչափի արդյունավետությունը և որակը։