Հոգևոր զրույցներ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում

«Արթուն կացե՛ք այսուհետև, ամեն ժամ աղոթք արե՛ք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնել մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21: 34-36)

2019 թվականի հոկտեմբերի 18-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ)  տեղի ունեցավ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի հերթական հանդիպումը՝ 52 սիրիահայ կանանց մասնակցությամբ։ Ընդառաջելով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին ուղղված համագործակցության վերաբերյալ նամակին՝ հանդիպման հյուրն էր Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։

Ծովիկ Մակարյան-Բայթարյանը ներկայացրեց քահանայի կենսագրությունը ներկաներին, ապա քահանային ներկայացրեց «Հալեպ» ՀԿ ընդհանուր գործուեությունը, մասնավորապես՝ «Սոցիալ-Հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի նկարագիրն ու նպատակները։

Քահանան հանդիպումը սկսեց տերունական հրամանով, որն ասում է. «Արթուն կացե՛ք այսուհետև, ամեն ժամ աղոթք արե՛ք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնել մարդու Որդու առաջ» (Ղուկ. 21: 34-36), որին հաջորդեց տերունական աղոթքը, ապա հոգևոր զրույցները ներկաների հետ։ Քննարկվեցին բազմաթիվ եկեղեցական և հոգևոր բնույթի հարցեր, այդ թվում՝ հաղորդություն, մկրտություն, պսակադրություն, պատարագ, մոմավառություն և այլն։ Ներկաները մեծ ոգևորությամբ բարձրաձայնում էին իրենց հետաքրքրող հարցերն ու ստանում սպառիչ պատասխաններ քահանայի կողմից։ 

Ամբողջ հանդիպման ընթացքում տիրում էր հաճելի մթնոլորտ։ Մասնակիցներն արտահայտեցին իրենց գոհունակությունը ուսուցողական և հետաքրքիր հանդիպման առիթով։ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանն առաջարկեց ուխտագնացություն կազմակերպել դեպի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցի, ինչին սիրով համաձայնեցին ներկաները։

Հանդիպումն ավարտվեց աղոթքով և ակնկալիքով, որ հաջորդ հանդիպման ժամանակ կշարունակեն հոգևոր բնույթի բովանդակալից զրույցները։ Հանդիպումը եզրափակվեց Գրիգոր Աստաբանյանի կողմից կազմակերպված հյուրասիրությամբ։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։

Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 16։00-ին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։
Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։