Հովհաննես Մարտիրոսյանը` «Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագրի բարերարը

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) իր գործունեության առանցքում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի առջև ծառացած խնդիրներին երկարատև լուծումներ գտնելն է։

Գատնիք չէ՝ Հայաստանում գտնվող տեղահանված անձանց բնակարանային և զբաղվածության խնդիրների առաջնային լինելը։ Այս առթիվ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի կողմից մշակվել է «Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագիրը, որը ժամանակավոր, առանց վարձավճարի բնակարաններ է տրամադրում տանիքի կարիք ունեցող սիրիահայերին։

Այս ծրագիրը կյանքի է կոչվում բարերարների աջակցությամբ, ովքեր գնելով բնակարաններ՝ անհատույց ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրում են առավել խոցելի դրությունում հայտնված սիրիահայ ընտանիքներին։

«Հիւրընկալէ ընտանիք մը» ծրագրի շրջանակում իր մեծ ներդրումն է բերել բարերար Հովհաննես Մարտիրոսյանը։

Ծանր դրությունում հայտնված, առողջական խնդիրներին բախվող, անաշխատունակության գոտում գտնվող սիրիահայ ընտանիքին աջակցություն բերած բարերար Մարտիրոսյանը ոչ միայն օգնել է, թեկուզև ժամանակավոր, լուծել բնակարանային խնդիրը, այլև տվել է ընտանիքին քաջալերանք՝ առաջ շարժվելու և Հայաստանում ապագան վստահ քայլերով կառուցելու համար։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բարերար Հովհաննես Մարտիրոսյանին՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործունեությանը հավատ ընծայելու և «Հիւրընկալէ ընտանիք մը» մարդասիրական բնակարանային ծրագրի կյանքի կոչման գործում մեծ ավանդ ունենալու համար։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Հիւրընկալէ ընտանիք մը» ծրագրի նպատակն է Սիրիայի հակամարտությունից տուժած և տեղահանված ընտանիքներին ապահովել առաջնային կենսական ռեսուրսներով՝ տրամադրելով  ապաստան և բարենպաստ պայմաններ:

Ծրագրի շրջանակում բնակարանները ձեռք են բերվում բարերարների միջոցներով և պայմանագրային հիմունքներով ժամանակավոր անհատույց օգտագործման նպատակով տրամադրվում են Հայաստանում ապաստանած սիրիահայ առավել խոցելի ընտանիքներին։ Բնակարանները պատկանում են բարերարներին, իսկ կարիքավոր ընտանիքները կարողանում են առանց վարձավճարի ժամանակավոր բնակվել տրամադրված բնակարաններում։

«Հիւրընկալէ ընտանիք մը» բնակարանային ծրագրի շրջանակում ՄԱԿ Փախստականների Գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ բնակարանները կահավորվում են անհրաժեշտ կենցաղային գույքով՝ ապահովելով նպաստավոր պայմաններ բնակվելու համար։

Բնակարանային այս ծրագրի շրջանակում «ՀԱԼԵՊ» ՀԿը համագործակցում է նաև Global Hope Network International-ի հետ սիրիահայ ընտանիքների բնակարան առաջարկելով նաև Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: