Հսկում-մոմավառություն նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2015թ-ի ապրիլի 25-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպեց հսկում-մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի ներկայացուցիչներ Շաղիկ Բաղդասարյանի և Հակոբ Կազանջյանի բացման խոսքերով սկսվեց արարողությունը: Երիտասարդներն իրենց խոսում նշեցին, որ հիշում են անդառնալի մարդկային կորուստները, դատապարտում են հրեշավոր թշնամու անցյալն ու ամոթալի ժխտողականությամբ լի ներկան, պահանջում են մարդկության դեմ իրագործված այս հանցագործության արդարացի լուծումն ու հատուցումը, և վասն Հայոց աշխարհի խաղաղության կերտում ու կերտելու են լույսով լեցուն ապագա:

Հսկում-մոմավառությունը ուղեկցվեց սիրիահայ երիտասարդների ասմունքի և երգի կատարումներով: «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի երիտասարդաց խորհրդի անդամների, կազմակերպության նորաստեղծ գիթառի խմբի` ի դեմս անդամներ Արա Արսլանյանի, Արսեն Վարդանյանի, Փարդի Մինասյանի, Զոհրաբ Այվազյանի, Մեղեդի Քիլիսյանի, «Armenian-Syrian Power» պատանիների խմբի, Շողեր Տերմենջյանի և Արաքս Մահտեսյանի պահանջով լի խրոխտ կատարումները ամբողջացրեցին արարողությունը:

Հսկում-մոմավառության ընթացքում անցորդները՝ մանուկից մինչև տարեց հնարավորություն ունեցան վառել իրենց համար նախատեսված մոմերը:

Մայր Հայրենիքում կազմակերպելով հսկում-մոմավառություն՝ օրհասական դրությունում գտնվող սիրիացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով հիմնված «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խոնարհումը բերեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հարկ է նշել, որ նախաձեռնության կյանքի կոչման հարցում մեծապես իրենց ավանդն են ունեցել տիկին Սիլվա Գաբլանյանը, տիկին Ալին Մոմջյանը, տիկին Ծովիկ Բայթարյանը և Հակոբ Կազանջյանը: