ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչների պաշտոնական այցը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ

2015 թվականի հունիսի 29-ին, “ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) հիմնադիր/նախագահ տիկ. Անի Բալխյանը ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության ժամանակավոր պաշտոնակատար տկն. Քեյթ Պոչապսկուն, ՄԱԿ ՓԳՀ ծրագրերի բաժնի ավագ պաշտոնյա Նվեր Սարգսյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ փոխնախագահ տկն․ Ծովիկ Բայթարյանը, բարերար Գաբրիել Չեմբերջյանի ներկայացուցիչը՝ տիկին Թալին Չեմբերջյանը և այլ ներկայացուցիչներ։

Հանդիպման հատուկ նպատակն էր քննարկել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան պատվիրակության միջև «Հյուրընկալէ Ընտանիք Մը» մարդասիրական բնակարանային շտապ օգնություն ծրագրի շրջանակում կնքված պաշտոնական հուշագրից բխող ընթացիկ քայլերը և հետագա պլանները։ Ծրագրի նպատակն է հասցեագրել Սիրիայի պատերազմի պատճառով տեղահանված անձանց բնակարանային կարիքները։

Հանդիպման ընթացքում, կողմերը նաև կարևորեցին ծրագրի կենսունակությունը, դրա դրական ազդեցությունը, և փոխանակեցին գաղափարներ այլ նախաձեռնությունների վերաբերյալ ուղղված Հայաստանում ապաստանած սիրիահայ համայնքին։ Եզրափակելով, կողմերը համաձայնեցին ընթացք տալ պլանավորված գործընթացներին, և համատեղ հարթակում տրամադրել շարունակական աջակցություն սիրիահայ կարիքավոր անձանց։