Մասնագիտական աճի ևս մեկ հնարավորություն. երիտասարդները Սոցիալական մեդիա մարքեթինգի դասընթացի են մասնակցում

Մեկնարկել է «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչով նախատեսված Սոցիալական մեդիա մարքեթինգի դասընթացը: Նպատակը փախստական և տեղացի երիտասարդներին Հայաստանի աշխատանքային շուկայում պահանջված գիտելիքներ և հմտություններ տրամադրելն է՝ վերջիններիս մրցունակությունը բարձրացնելու համար:  

Նշենք, որ դասընթացն ընտրվել է երիտասարդների շրջանում անցկացված հարցումների արդյունքում՝ հաշվի առնելով դրա պահանջարկն ու առկա աշխատատեղերի քանակը:  Տարբեր ուսումնական կենտրոններից ստացված գնառաջարկների արդյունքում ընտրվեց ոլորտում մեծ փորձ ունեցող Business Development Group կազմակերպությունը, որն էլ իրականացնում է դասընթացները:  

Դասընթացի մասնակիցները ծանոթանում են թվային մարքեթինգի հասկացությանը, նպատակներին, սովորում քոնթենթ ռազմավարություն և վաճառքի մոդելներ մշակել, սոցցանցերում վիզուալիզացիայի գործիքներ կիրառել:  Նրանց ուսուցանվում է ինչպես տարբեր սոցցանցերում անձնական էջեր և խմբեր արդյունավետորեն վարելու հմտություններ, այնպես էլ բիզնես էջեր վարելու նրբություններ:  

Ընտրված 20 մասնակիցներից առաջին 10-ի հետ դասընթացները մեկնարկեցին մայիսի 11-ին: Մյուս 10 մասնակիցների հետ դասընթացը նախատեսվում է մեկնարկել հուլիս ամսին:

Հետագա դասընթացների ընթացքում SMM դասընթացի մասնակիցները կծանոթանան սոցցանցային էջերի զարգացման գործիքներին, գովազդների կառավարման մոտեցումներին ու առաջխաղացման ռազմավարություններին:

Դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձնեն, իսկ այն հաջողությամբ հանձնածները հավաստագրեր կստանան: Վստահ ենք, որ սա մասնակիցներին թույլ կտա մրցունակ մասնագետներ դառնալ, ավելի վստահ քայլեր կատարել հայաստանյան աշխատաշուկայում ու գտնել իրենց երազանքի աշխատանքը: