Մասնագիտական առաջին քայլը բանկային ոլորտում

Սիրով ներկայացնում ենք «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական վճարովի պրակտիկայի՝ բանկում ինթերնշիփ անցկացնող մեր ուսանողներին:

Սիրիահայ երիտասարդներ Մանե Հովակիմեանը, Վանա Զաքարը և Մարիա Ղարիբեանը Եվրոպական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետի ուսանողուհիներ են, ովքեր իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում են «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ում։  Այսօր մենք կներկայացնենք մասնակիցներից յուրաքանչյուրի տպավորություններն իրենց պրակտիկայից։

Մեր առաջին զրուցակիցը՝ Մանե Հովակիմեանը (21 տարեկան), ներկայումս 4-րդ կուրսի ուսանողուհի է: Հայաստան մշտական բնակության է տեղափոխվել 2012 թվականին: Դեռևս պատանեկան տարիքից հետաքրքրություն է տածել իր ապագա մասնագիտության հանդեպ, ուստի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Եվրոպական համալսարանի Կառավարման ֆակուլտետ։ Հարցին, թե որոնք են համալսարանում դասավանդվող առարկաներից ամենասիրելին, Մանեն պատասխանեց. «Բանկային և ֆինանսական կառավարում, հաղորդակցության հմտություններ, տնտեսական գործունեության վերլուծություն»,- հավելելով, որ հենց այս դասաժամերի ընթացքում ստացած գիտելիքները նա փոխարինում է գործնականի՝ պրակտիկային մասնակցելու շնորհիվ։

Իր մասնագիտական պրակտիկան «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ում է անցնում նաև Վանա Զաքարը, ով Հայաստան է տեղափոխվել 2013 թ.-ին։  Վանան ի սկզբանե իր մասնագիտական ուղին սկսել էր այլ ոլորտում: Ատամնատեխնիկական քոլեջում երկու տարի սովորելուց հետո հասկացավ, որ իրեն ավելի հոգեհարազատ է Կառավարման ոլորտը։ Իր ընտրած ոլորտում հաջողության հասնելու համար Վանան համալսարանական դասերի հետ մեկտեղ ակտիվորեն մասնակցում է մասնագիտական այլ դասընթացների՝ հաշվապահական հաշվառման/ ՀԾ և Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից՝  սիրիահայերի համար կազմակերպված դասընթացներին։ Ապագան պլանավորելիս Վանան իրեն պատկերացնում է բանկային ոլորտում կամ որևէ բիզնես կազմակերպության աշխատակազմում աշխատելիս:

Մեր հաջորդ զրուցակիցն էր Մարիա Ղարիբեանը (20 տարեկան), ով երեք տարի է, ինչ բնակվում է Հայաստանում: Իր ընտրած մասնագիտությամբ և հատկապես բանկային գործով Մարիան սկսել է հետաքրքրվել դեռևս Հալեպ քաղաքում Կառավարական քոլեջում սովորելու տարիներին: Եվրոպական համալսարանում ուսանելու իր երեք տարիների ընթացքում ուսումնասիրվող մի շարք առարկաների շնորհիվ (Ռազմավարական կառավարում, տնտեսական կառավարում, տեխնոլոգիաների կառավարում, որոշումների ընդունում) Մարիան տեսական գիտելիքներ է ստանում, որոնք օգնում են նրան կատարել իրեն տրված հանձնարարություններն ավելի դյուրին:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մասին խոսելիս մասնակիցները նշեցին, որ սա հիանալի առիթ է ընձեռում Սիրիայից հայրենիք վերադարձող երիտասարդների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց հմտությունները, ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկային և ավելի դյուրին մուտք գործել աշխատաշուկա:

«Այս պրակտիկան հնարավորություն է տալիս մեզ ծանոթանալ հաճախորդների հետ շփման և սպասարկման կանոններին ու էթիկային: Արդեն ծանոթ ենք բանկային քարտերի տեսակներին, կադրային բաժնի և ֆինանսական բաժանմունքի գործունեությանը, բանկային փաստաթղթաշրջանառությանը և վարկային համակարգին»,- նշում են մասնակիցները:

2019թ.նոյեմբերի 4-ից «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակներում մեկնարկեց 2-ամսյա մասնագիտական վճարովի պրակտիկա՝ հայաստանյան բուհերում ուսանող 15 սիրիահայ երիտասարդների մասնակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբԻնթերնշիփային ծրագրի հիմնական նպատակն է կատարելագործել բուհերի ուսանողների և նորավարտ երիտասարդների հմտություններն ու կարողությունները, ընդլայնել գիտելիքներն իրենց մասնագիտական ոլորտում, հնարավորություն տալ ձեռք բերել աշխատանքային փորձ և ծանոթանալ աշխատանքային միջավայրին: